Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալությունը ընդլայնում են տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը
15.06.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հոսեյն Սեյվանի Ասլը ս/թ հունիսի 11-ին ստորագրել են Հուշագիր, ըստ որի՝ երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ պայմանավորվածությունների իրականացման համար ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ընդլայնում են տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը, հիմք ընդունելով՝ 05.11.2010 թվականին Խոյ քաղաքում կնքված հուշագրի 9-րդ նիստի 1, 6, 2 կետերի պահանջները:
Կողմերը համաձայնվում են փոխադարձ համագործակցության շարունակմանը նախկինում ստորագրված Հուշագրի հետևյալ կետերով.
1. Կողմերի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Պայմանավորվող կողմերը գործնականում կիրառելի կդարձնեն մարզական և տուրիստական խմբերի փոխադարձ այցելությունները:
2. Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, հարաբերությունների առավել զարգացման նպատակով, կողմերն օժանդակելու են մասնագիտական խմբերի ստեղծմանը և տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համատեղ քննարկումներ կազմակերպելուն, քննարկումներին մասնակից դարձնելով մասնավոր սեկտորի ակտիվ տնտեսվարողներին: Առաջիկա քննարկումը կկազմակերպվի Խոյ քաղաքում: Հանդիպումների ժամանակացույցը կմշակվի երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում:
3. Հասարակական, մշակութային և սպորտային հարաբերությունների խորացման և զարգացման նպատակով կողմերը կարևորել են ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների ղեկավարների և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի կողմից Խոյի քաղաքապետի միջև հանդիպումները: