Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի այցը՝ ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգ

25.05.2015

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում Համագործակցության համաձայնագրի շրջանակում, փոխադարձ այցով ս/թ մայիսի 18-ից 21-ը գտնվում է ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգում: Պատվիրակության կազմում է եղել նաև մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը:
Մայիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի պատվին ընդունելություն է կազմակերպվել Նիժնի Նովգորոդ քաղաքի ,,Կրեմլ,, համալիրում: Այնուհետ մարզպետը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհված նիժիգորոդցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ, որից հետո հյուրերի համար կազմակերպվել է էքսկուրսիա, դեպի Օկա և Վոլգա գետերի միացման խառնարան: Էքսկուրսիային հաջորդել է այցը քաղաքի պատկերասրահ, որտեղ ցուցադրվում է ռուսակական գեղանկարչության շուրջ 1500 արժեքավոր կտավներ:
Նահանգի մշակույթի նախարարի և միջազգային հարցերի դեպարտամենտի նախագահի ուղեկցությամբ Վայոց ձորի պատվիրակությունն այցելել է Նիժնի Նովգորոդի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և կատարել մոմովառություն: Այնուհետ Նիժիգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել եկեղեցու առաջին հարկում գործող նորաբաց՝ ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ այցելուների առջև իր դռները բացած թանգարանում:
Թանգարան այցից հետո, կայացել է ՌԴ Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի պաշտոնական հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժեգորոդի նահանգի միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակում մշակութային և առևտրատնտեսական համագործակցության բնագավառում մինչ այդ կատարած աշխատանքները և հետագա համագործակցության հեռանկարային քայլերի հետ կապված հարցերը: Վերջում ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հուշանվերներ են փոխանակել:
Պաշտոնական ընդունելությունից հետո նահանգապետ Վալերի Շանցևի ուղեկցությամբ մարզպետ Հարություն Սարգսյանն ուղևորվել է քաղաքի թիվ 18 արվեստի դպրոց, ուր հյուրերեին ընդունել են ավանդական Աղ ու հացով: Դպրոցում տեղի է ունեցել, այն հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությունը:
Համերգային ծրագրին մասնակցել են Նիժնի Նովգորոդի Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի և հայ համայնքում գործող ,, Նաիրի,, պարային համույթի սաները: (Հանդիսության վերաբերյալ լուսաբանական նյութը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Նիժնի Նովգորոդի թիվ 18 արվեստի դպրոցն Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու արարողությանը, 20.05.2015, vdzor.gov.am պաշտոնական կայքում): Նույն օրը երեկոյան հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:
Մայիսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են եղել Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական արտադրանքի տեսականու հարցերով և արտադրության ծավալներով, հետագա փոխշահավետ համագործակցության նպատակով: Իսկ տուրիզմի ներկայացուցիչներին հետաքրքրել է Վայոց ձորի մարզի տուրիստական պոտենցիալը՝ էկոտուրիզմից մինչև առողջարանային տուրիզմ: Այնուհետ կազմակերպվել է այց Գորկի քաղաքի Ավտոգազ գործարան, որտեղ բանակցություններ են վարվել հետագա հնարավոր համագործակցության նպատակով: Գործարանում վայոցձորյան պատվիրակությունը շրջայց է կատարել ձեռնարկության գործունեության պատմությունը ներկայացնող թանգարանում:
Մայիսի 20-ի երեկոյան մարզպետը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Հայ համայնքի հետ ջերմ ու սրտառուչ հանդիպումով էլ ավարտվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ՌԴ Նիժեգորոդի նահանգ կատարած աշխատանքային այցը:
Մայիսի 21-ին մարզպետը վերադարձել է Հայաստան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03