Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը

15.05.2015

 Այսօր <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո մշակված Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունը ներկայացվել է գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների և մասնավոր հատվածի ու ՀԿ-ների ներկայացուցիչներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր բացման խոսքում նշել է. <<Կլիմայի փոփոխությունը մարդկության առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերի շնորհիվ: Հայաստանը, որպես Կոնվենցիայի Կողմ երկիր, իր կարգավիճակին համապատասխան կատարում է իր պարտավորությունները>>: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն է հայտնել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին` ֆինանսական աջակցության, ՄԱԶԾ-ին` Երրորդ ազգային հաղորդագրության պատրաստմանն աջակցելու համար, ինչպես նաև ազգային փորձագետներին և հաստատություններին` իրենց ներդրման համար: Արամայիս Գրիգորյանն, օգտվելով առթիվ, շնորհավորել է ներկաներին Կլիմայի փոփոխության միջազգային օրվա կապակցությամբ՝ շեշտելով, որ Կլիմայի փոփոխության օրը նշվում է մայիսի 15-ին՝ որպես արձագանք օդերևութաբանների կոչին՝ պահպանել կլիման որպես կարևոր ռեսուրս ներկա և հաջորդ սերունդների բարօրության համար: Բրեդլի Բուզետտոն իր բացման խոսքում նշել է. <<Երկրները վավերացրել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան` որպես արձագանք համամոլորակային տաքացմանը: Այս տարին հատկանշական է, քանի որ Կոնվենցիայի կողմ երկրներին կոչ է արվել կայունացնել ջերմոցային գազերի կոնցենտրացիան մթնոլորտում և ստանձնել նվազեցման պարտավորություններ>>: Անդրադառնալով Ազգային հաղորդագրություններին, նա նշել է, որ ՄԱԶԾ շարունակաբար աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ դիմակայուն քաղաքականության ձևավորմանը՝ ապահովելով, որ տարիների ընթացքում զարգացման ոլորտում ձեռքբերումները լինեն կայուն: Կլիմայի փոփոխության դեմ ձեռնարկվող միջոցները իր ելույթում կարևորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցության գծով խորհրդական Ժան Միշել Կասբարյանը: ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրել է Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության հիմնական արդյունքները: Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մարտահրավերների հասցեագրման խնդիրներին նվիրված զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Հաղորդագրությունն ահազանգում է, որ համաձայն <<առանց միջոցառումների>> սցենարի 2030թ. համար կանխատեսվում է, որ Հայաստանում ջերմային գազերի արտանետումները կհասնեն 20,000 տ CO2 –ի համարժեք, իսկ <<միջոցառումներով>> սցենարի դեպքում՝ 14,000 տ CO2 –ի համարժեք: Միևնույն ժամանակ հաղորդագրությունում նշվում է, որ եթե գլոբալ մակարդակով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ջանքեր չձեռնարկվեն, Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4.7˚C, իսկ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները կարող են կրել ավելի հաճախակի և ազդեցիկ բնույթ: Ազգային հաղորդագրությունում բացահայտվել են երկրի հարմարվողականության կարիքները, որոնց պետք է արձագանքել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Հարմարվողականության կարիքների շարքում նշվում են գետավազանային կառավարման պլաններում ջրի խոցելիությունը, ջրախնայող տեխնոլոգիաների ներմուծումը, ի լրումն ոռոգման առկա ցանցի և փոքր ջրամբարների ընդլայնմանն ու արդիականացմանը, նոր չորադիմացկուն բուսատեսակների ներմուծումը, հողօգտագործման և ենթակառուցվածքների պլանավորման ժամանակ կլիմայի փոփոխության գործոնի հաշվի առնումը, գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդնումը և այլն: Հայաստանը իր պարտավորությունների շրջանակում մշակում և Կոնվենցիայի կողմերի համաժողովներին է ներկայացնում Կոնվենցիայի իրականացման մասով իր ազգային հաղորդագրությունները: Միջազգային հանրության համար կարևոր է, որ ջերմոցային գազերի արտանետումների մասով ներկայացվող տեղեկատվությունը լինի ճշգրիտ և համապարփակ՝ կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները մեղմելու համար: Սույն հաշվետվությունն ամփոփում է 2007-2012թթ. զարգացումները՝ հիմնվելով պաշտոնական տեղեկատվության և փորձագիտական վերլուծությունների վրա: Հաղորդագրության մշակմանը մասնակցել են ավելի քան 40 փորձագետներ, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության <<Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը>> և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության <<Հիդրոմետ ծառայություն>>-ը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նույնպես մասնակցել է Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության ներկայացմանը:

Աղբյուրը՝ mnp.am, 15.05.2015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08