Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու

29.04.2015

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ հրավիրվել էր համատեղ խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, վերամշակող ընկերությունների ղեկավարներ, մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ:
Իր բացման խոսքում նախարարը նշել է, որ այս խորհրդակցության հիմնական նպատակն է մթերումների սեզոնի մեկնակին ընդառաջ բոլոր կողմերի հետ քննարկել առկա ընթացիկ հարցերը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները հավաստիանան, որ այս տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու և առանց որևէ մտավախության ակտիվացնեն իրենց աշխատանքները:
,,Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի և, այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա,,-իր խոսքում շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ այս հարցերը գտնվում են հանրապետության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և առաջիկայում վերամշակող ընկերությունների գործունեությունը խթանելու և նրանց կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով նախատեսվում է նաև քննարկում կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ:
Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները` մեկ շուկայից կախվածությունը թուլացնելու և հնարավոր ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար: Անդրադարձ է կատարվել նաև բերքատվության ավելացման, ինչպես նաև բերքի որակի բարելավման հարցերին, որը նույնպես արտահանման ծավալների ընդլայնման տեսանկյունից դեռևս մեծ խոչընդոտ է:
ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին հավաստել է, որ գյուղացիները բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն ունենա, և ընկերությունները պատրաստ են ապահովել ամբողջ բերքի իրացումը` շեշտելով մթերումների գնի և ժամկետների կարգավորման հարցերի կարևորությունը:
Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ գինը որոշում է շուկան, որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք շահավետ գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար:
Նախարարը խոսել է նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին` հորդորելով ակտիվացնել բերքի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն եղել է նաև Ազատեկ համայնքում, որտեղ ,,Հայկական միրգ,, ծրագրի շրջանակում հիմնվել են շուրջ 20 հեկտար բալենու, սալորենու, կեռասենու, նեկտարինի և ընկուզենու այգիներ: Ծրագրի հրավերով Հայաստան էր ժամանել նաև ֆրանսիացի մասնագետ, ով գյուղացիներին ներկայացրել է ընկուզենու մշակության տեխնոլոգիաների իրենց փորձը:Նախարարը նշել է, որ ծրագիրը բավականաչափ շահավետ և հատկապես արդյունավետ է փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Այն հնարավորություն է ընձեռում 12 տարի ժամկետով վարձակալության հանձնել իրենց պատկանող հողատարածքները, որտեղ բացառապես ծրագրի միջոցներով բարձրարժեք սորտի ծառատեսակներ են տնկվում, և արդյունքում ստացված շահույթի 25 տոկոսը հետ է վերադարձվում հողատարածքի սեփականատիրոջը: Բացի այդ, գյուղացիներն իրենք են աշխատում այդ նոր հիմնված այգիներում, որի դիմաց նույնպես վարձատրվում են: Իր կողմից կատարված ներդրումները հետ բերելուց հետո վարձակալող ընկերությունը պարտավորվում է գյուղացուն հետ վերադարձնել բերքատու այգին:
Գյուղացիների հետ զրույցների ընթացքում նախարարը հորդորել է նրանց միավորվել և կոոպերատիվներ ստեղծել, ինչը կօգնի խնդիրներին համատեղ ջանքերով առավել հեշտ և արդյունավետ լուծումներ տալ:

 

Աղբյուրը՝  minagro.am, 29.04.2015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08