Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պարգևատրեց Չիվա համայնքի բնակիչ Արմեն Խաչատրյանին

31.03.2015

 2015 թվականի մարտի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով հայտնեց, որ նախարար Արմեն Երիցյանի այցի հիմնական նպատակը մի քանի օր առաջ Չիվա համայնքի հանդամասում բանջար հավաքող կանանց վրա հարձակված գայլին վնասազերծած Արմեն Խաչատրյանին պարգևատրելն է: Այնուհետ մարզպետը խոսքը փոխանցեց նախարարին: Նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց Արմենին ցուցաբերած խիզախության համար, նշեց, որ Արմենն արդեն իր արարքով վաստակել է փրկարարի պատվավոր կոչումը և հրավիրեց նրան ներկայացնելու դեպքից որոշ մանրամասներ: Այնուհետ նախարար Արմեն Երիցյանը խիզախ երիտասարդին պարգևատրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ,,Համագործակցություն հանուն փրկության,, մեդալով և ֆինանսական խրախուսանքով: Կրկին շնորհակալություն հայտնելով Արմենին՝ նախարարը նշեց, որ շարունակում է ճանապարհը դեպի Սյունիքի մարզ, ուր այցի նպատակը համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակում հանդիպումներ կազմակերպելն է: Օգտվելով առիթից նախարար Արմեն Երիցյանը խոսեց ծրագրի ներդրման առավելությունների մասին՝ հիմնականում ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ՝ համայնքային խնդիրների լուծման համար, ինչպես նաև ներկայացրեց միջազգային փորձը՝ արևմտյան երկրներում խոշոր համայնքների արագ տեմպերով զարգանալու փաստը:
Ամփոփիչ խոսքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ցուցաբերած ուշադրության համար, իսկ Արմեն Խաչատրյանին՝ համագյուղացիների կյանքին ու առողջությանն սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Մարզպետը նշեց, որ Վայոց ձորի մարզպետարանը ևս տուժած ընտանիքներին ֆինանսական օժանդակություն կցուցաբերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00