Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Սարավան համայնքի ղեկավարի հանրային հաշվետվությանը
27.03.2015
2015 թվականի մարտի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Սարավան համայնք, ուր ներկա գտնվել համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը, որը տեղի է ունեցել համայնքապետարանում:
Նիստին մասնակցել են մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակիչներ:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Քննարկման ժամանակ բարձրացվել են գյուղի համար մանկապարտեզի, խմելու ջրագծի ներքին ցանցի և ոռոգման համակարգի կառուցման, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման հարցերը:
Մարզպետ Հարություն Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը և, համայնքի հողային մեծ հնարավորություններից օգտվելով, կարելի է ավելացնել ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը և զարգ տալ բնամթերքների արտադրությանը: Հարություն Սարգսյանը խոսել է նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային ունակությունների և մասնագիտական հմտությունների զարգացման, ինչպես նաև երիտասարդ և անապահով ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար: