Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում,, ծրագրի պաշտոնական բացման արարողությանը
13.03.2015
2015 թվականի մարտի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի հրավերով մասնակցել է ,,Արմենիա Մարիոթ,, հյուրանոցի Տրդատ սրահում մեկնարկող ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում,, ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վայքի նախկին փոխքաղաքպետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի խորհրդի նախագահ, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի ինթերնեյշնլի Եվրոպայի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի փոխնախագահ Գրեգ Ֆոսթերը: Մեկնարկող ծրագրի արժողությունը 1 մլն 700 հազար եվրո է, որն ուղղվելու է նշված քաղաքների 47 բազմաբնակարան և հանրային նշանակության շենքերում էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին ՝ զարգացնելու և բազմաբնակարան և հանրային նշանակության շենքերում փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով: Ծրագրի զեկավար Սերգեյ Արզումանյանը հայտնել է, որ ծրագրի շրջանակներում մինչև 2018 թվականը 47 բազմաբնակարան շենքերում իրականացվելու են էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ: Շենքերից 27-ն Սպիտակում են, իսկ 18-ը՝ Վայքում: Վայքի մշակույթի տան շենքում իրականացվելու են տանիքի, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում, իսկ Սպիտակի մանկապարտեզի շենքում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ և մարտկոցներ՝ էներգիա ստանալու և լողավազանն աշխատեցնելու նպատակով: Բազմաբնակարան շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով կտեղադրվեն մոտ 145 արևային մարտկոցներ: