Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

06.03.2015

 Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, նազելի քույրեր ու դուստրեր, ընդունեցեք իմ ջերմ ու սրտագին շնորհավորանքները, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ:
Մաղթում եմ ձեզ առողջություն, կանացի երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և աշխատանքային հաջողություններ: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները: Բոլորիդ մաղթում եմ պայծառ գարուններ ու սեր: Մաղթում եմ նաև, որ գարնան նման լուսավոր ու կենսատու լինեք `Ձեր ընտանիքներին բերելով խաղաղ օրեր, ընտանիքում դառնալով կյանքի սկիզբ ու ներդաշնակ կեցության խորհրդանիշ:
Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր ժողովրդի կյանքում և անչափելի է նրա ներդրումը՝ ժողովրդի համար կարևորագույն և գոյության պայքարի շրջադարձային պահերին։ Կնոջ դերը մեր ժողովրդի պատմության ընթացքում մշտապես կարևորվել է նաև ընտանիքի ամրության, ավանդական կենսաձևի պահպանման ու երեխաների դաստիարակության գործում: Մայրերն են մեր երեխաների հոգիներում սերմանում ազգայինն ու համամարդկային կարևորագույն արժեքներ և ապահովում այդ արժեքների փոխանցումը հաջորդող սերունդներին: Խոնարհումի է արժանի հայ կնոջ նվիրումը հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, քանզի լինելով քնքուշ ու բարի, հոգատար ու սիրող, համբերող ու ներող, կարողանում են անհրաժեշտության դեպքում նաև զենք վերցնել, հանուն հայրենյաց: Գնահատելի է կանանց դերակատարությունը նաև պետականության ամրապնդման գործընթացներում: Հարգելիներս, այսօր էլ մեծ է ձեր դերը մեր նորանկախ պետականության զարգացման ու առաջընթացի գործընթացում: Համոզված եմ, որ ձեր ընտանիքին, համայնքին, մարզին սատար լինելով անառարկելի դերակատարություն եք ունենալու մեր հայրենիքի զորացման ու հզորացման գործում: Հաստատ է, որ հայ կնոջ նկատմամբ դարերի խորքից եկող հարգանքի ու սիրո ակունքները ոչ միայն կանացի քնքշանքն ու գեղեցկությունն են, այլ նաև նրա անուրանալի պատմական դերակատարությունը մեր ժողովրդի տարեգրության մեջ:
Կրկին շնորհավոր ձեր տոնը սիրելիներս, ձեզ` մեծարանքի ու գնահատումի խոսքեր, ձեզ` հարգանքի և ուշադրության դրսևորումներ, ձեզ` սեր ու հոգածություն:
Ապրեցեք առողջ ու երջանիկ, եղեք ժպտերես ու կանացի, սիրող ու սիրված...

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00