Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԿԱԻ նախարարի հետ իրենց մտահոգություններով կիսվեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները
04.02.2015
Շարունակվում են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցերը սահմանամերձ գյուղեր:
Փետրվարի 3-ին Ա. Երիցյանն այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ (1022 բնակիչ, 255 տնտեսություն) գյուղը: Այցի նպատակն էր զրուցել գյուղի բնակիչների հետ՝ նրանց հուզող հարցերը, խնդիրներն իրենցից լսելու և դրանց լուծումներ տալու համար: Արենի-Խաչիկ ավտոճանապարհին նախարար Երիցյանը կանգ առավ՝ քարաթափման ենթակա վտանգավոր տեղամասում: Վայոց ձորի Մարզային Փրկարարական Վարչության պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախարարին ընթացիկ իրավիճակն ու իրականացված ուսումնասիրությունները: Ա. Երիցյանը հանձնարարականներ տվեց՝ պայթեցման ճանապարհով քարաթափման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Խաչիկ գյուղում Ա. Երիցյանին դիմավորեցին գյուղապետը և բնակիչները, վերջիններս նշեցին, որ ուրախ են նախարարի հետ իրենց հուզող հարցերը կիսելու և միասին լուծումներ գտնելու հնարավորության համար: Ողջունելով խաչիկցիներին՝ նախարար Երիցյանը նշեց, որ արդեն տեղյակ է սահմանամերձ գյուղում առկա խնդիրներին, սակայն ցանկանում է անձամբ զրուցել գյուղացիների հետ և լսել նրանց առաջարկները. «Անշուշտ, պետությունը կանգնած է գյուղացու կողքին, սակայն կան հարցեր, որ պետք է ձեզ հետ միասին քննարկենք, հասկանանք, ես ուզում եմ անձամբ ձեզանից լսել ձեզ հուզող հարցերի մասին, ինչպես նաև՝ ցանկանում եմ, որ միասին լուծման ուղիներ գտնենք: Պետք է այնպես անենք, որ գյուղացին լավ ապրի: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա և երիտասարդները մնան իրենց հայրենի հողում»,-ասաց Ա. Երիցյանը:
Խաչիկցիների խոսքերով՝ գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, բնակարանաշինությունը, գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցը: Ոռոգման ջրի հարցի լուծումը, ըստ գյուղի բնակիչների, փոքրիկ դամբայի կառուցումն է: Նախարար Երիցյանը մի շարք հարցերի լուծման վերաբերյալ տեղում հանձնարարականներ տվեց՝ խոստանալով նաև ընթացք տալ երկարաժամկետ խորհրդակցության կարիք ունեցող հարցերին:
Նշենք. որ այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Աղբյուրը՝ mta. gov.am,