Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցոռումներ նվիրված Բանակի օրվան
29.01.2015
Բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել մարզկենտրոն Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, Երկրապահ կամավորների միության, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ: Ողջունելով ներկաներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը շնորհավորեց բոլորին` Բանակի օրվա կապակցությամբ և նշեց, որ Հայոց հաղթանակած բանակն այսօր առավել մարտունակ է, որի պահպանումն ու հզորացումը բոլորիս պարտքն է, ինչի ապացույցն այս ոգու արիության դասն է:
Դպրոցի աշակերտների ուժերով ներկայացված ցերեկույթին հնչեցին հայրենիքին, բանակին, հայ զինվորին ձոնված հայրենասիրական տողեր ու երգեր: Նշենք, որ աշակերտները հադիսավոր երդումով համալրեցին պատանի երկրապահների շարքերը: Նրանց, Հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի և Պատանի երկրապահներ կազմակերպությանն անդամագրվելու կապակցությամբ, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի անունից պատվոգրեր հանձնեց ԲԿ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը:
Հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի և բանակաշինության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի անունից պատվոգրով պարգևատրվեցին Երկրապահ կամավորական միության մի խումբ անդամներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանին, ՀՀ ԶՈՒ վետերանների, Եղեգնաձորի երկրապահ կամավորների միության բաժանմունքին, Եղեգնաձորի ավագ դպրոցին տոնի առթիվ պատվոգրեր հանձնեց Եղեգնաձորի տարածքային վետերանների խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Պետրոս Առաքելյանը:
Հայոց բանակի զորության ու պահպանության համար աղոթքով առ Աստված և օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ով որպես միջոցառման կազմակերպիչ արժանացավ 4-րդ ԲԿ հրամանատարի շնորհակալագրին:
Հավելենք, որ մարզի հանրակրթական և արվեստի բոլոր դպրոցներում կազմակերպվել են նույն կարգի հանդիսություններ: