Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
27.01.2015
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: 2015 թվականին բոլորում է Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում, միևնույն ժամանակ կոչում մեծ պատասխանատվության՝ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող ազգի քաջարի զավակների հանդեպ, զինվորից մինչև հրամանատար: Բոլորս գիտենք, որ Հայկական բանակի կազմավորման տարեգրությունն անմիջականորեն կապվում է Արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի ազատության համար մղված պայքարի հետ և, այսօր արժանիորեն մեր բանակը կրում է Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին, որն ուժ ու կորով, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հաստատակամություն է հաղորդում հայոց բանակի զինվորներին և բանակի շարքերը համալրող նորակոչիկներին:
Սիրելի հայրենակիցներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և անսահման հոգատարությամբ ենք վերաբերում զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր ծառայողի, որպես երախտագիտություն մեր խաղաղ կեցության ու կյանքի բնականոն գործունեության:
Հայ զինվոր, քեզ ամուր առողջություն, ամրակուռ բազուկ, անսասան կամք, հոգու արիություն:
Հայոց բանակի սպաներ և գեներալներ, ձեզ մտքի սլացք, սրատեսություն և ռազմական իմաստնություն:
Փառք ու պատիվ Ձեզ, հայոց բանակի Արծիվներ: Թող խաղաղությամբ բացվեն ձեր բոլոր արշալույսները, իսկ մայրամուտներն անդորր բերեն ձեզ:
Աստված պահապան Հայոց բանակին: