Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր սահմանամերձ համայնքների դպրոցների սաներին
23.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ Մարտիրոս և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը:
Դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոցի աշակերտներին: Մարզպետը զրուցեց նրանց հետ, ասաց թե ինչու են հենց իրենք արժանացել այդ բարձր պատվին և մաղթեց գալիք տարում ուսման մեջ առաջադիմություն և անհոգ դպրոցական կյանք:
Հատկանշական է, որ մարզպետի հարցին, թե ինչ են խնդրել Ձմեռ Պապից որպես նվեր, երեխաները հիմնականում նշեցին գրքեր՝ հանրագիտարաններ, բառարաններ, Հովհաննես Թումանյանի և հայ ժողովրդական հեքիաթների ժողովածուներ:
Նշենք, որ խմբի ղեկավարն է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի
կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուղեկցում են Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը և Խնձորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Օհանյանը: