Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնակցությամբ
21.11.2014
2014 թվականի նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ և մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Մարզպետի պաշտոնում Հարություն Սարգսյանի առաջին հանդիպումն էր կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ուստի մարզպետի ողջույնից հետո, դպրոցների տնօրենները ծանոթանալու նպատակով ընդհանուր ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունը և նրանում առկա առաջնային լուծման խնդիրները:
<<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Դպրոցական շենքերի ջեռուցման վիճակի, ուսուցիչների հերթական ատեստավորման մասին և դպրոցական դասագրքերի վարձավճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա հանձնարարեց տնօրեններին՝ ուշադրություն դարձնել կրթության որակի բարելավման խնդրին, աշակերտին տալ խորը ու կայուն գիտելիքներ և հորդորեց նրանց՝ սերտորեն համագործակցել համայնքների ղեկավարների հետ: