Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում վայոցձորցի ժամկետային զինծառայողների ծնողների հետ
18.11.2014
Այսօր Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնող 42 զինվորների ծնողների հետ: Միջոցառում կազմակերպվել էր <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> խորագիրը կրող բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց, հայոց բանակին բարեմաղթանքներ հղեց և կազմակերպիչներին ուղղված շնորհակալանքի խոսք ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողների ծնողներին հայրենասեր զավակներ դաստիարակելու համար և շնորհակալագրեր հանձնեց նրանց:
Միջոցառման համերգային մասում ելույթ ունեցան կորպուսում գործող գեղարվեստական ինքնագործունեության խմբի սաները և զինվորական երգի կատարման մոսկովյան մրցույթի դափնեկիր, վայոցձորցի Արթուր Կարապետյանը:
Նշենք, որ ժամկետային զինծառայողներին տրվեց կարճաժամկետ՝ հնգօրյա արձակուրդ: