Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը մասնակցել է <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը

20.10.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության արդիականացումը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համընդհանուր զարգացման համատեքստում: <<Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ու հողն առանցքային դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում և շարունակում են նշանակալի դեր խաղալ մեր հասարակության բարեկեցության ապահովման գործում: Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ստանան տնտեսության տարբեր ոլորտներում, միևնույնն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են ավելի որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանք>>,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Հովիկ Աբարահամյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար: Այս համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսակների որակի ապահովումը:
<<Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին և խնդիրներին և գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի գործում՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկելու գյուղական վայրերի սոցիալական խնդիրների լուծման և գյուղատնտեսական ոլորտի արդիականացման ուղղությամբ:
Վերջին տարիների ընթացքում երկրի ագրոարդյունաբերական համալիրն առաջատար դիրք է զբաղեցնում մեր ազգային տնտեսությունում: Նոր թափ է ստանում գյուղական վայրերի սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացման գործընթացը, կառուցվում են կարևոր օբյեկտներ: Վստահ եմ, որ աստիճանաբար բարելավվելու է նաև կյանքի մակարդակը: ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ ագրարային ոլորտում լուրջ ռազմավարական բարեփոխումները պետք է ապահովեն առավել բարենպաստ պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի զարգացման համար>>,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի դիտարկմամբ՝ գյուղատնտեսությունն էական ազդեցություն ունի երկրի ամբողջ տնտեսության զարգացման վրա և կառավարությունը շարունակելու է պետական աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը, իսկ ագրարային քաղաքականությունն ուղղված է լինելու աշխատանքային անրաժեշտ պայմանների ապահովմանը: Հովիկ Աբրահամյանը ցուցահանդեսին մասնակից փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին վստահեցրել է, որ կառավարությունը նրանց կողքին է ու պատրաստակամ է աջակցելու ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:
Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել և շնորհակալագրով խրախուսել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Վարչապետ Աբրահամյանը շրջել է նաև <<Արմպրոդէքսպո>> ցուցահանդեսին մասնակից ագրոպարենային ոլորտը ներկայացնող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
<<Արմպրոդէքսպո-2014>>-ին մասնակցում են 67 ընկերություններ, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի:

 <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Հղումը՝

gov.am, 18.10,2014

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08