Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ
26.09.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում ռուսական կողմի հրավերով ս.թ. սեպտեմբերի 19-23-ը աշխատանքային այցով ՌԴ Արխանգելսկի մարզում էր մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև առկա են գործընկերային հարաբերություններ, ստորագրված են «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին» համաձայնագիրը (13.10.12թ.) և միջոցառումների ծրագիրը (17.06.13թ.):
Այցի նպատակն էր մարզերի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը և, մասնավորապես, համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում:
2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականին ընդունեց Արխանգելսկի նահանգապետի տեղակալ Ս.Մ.Կովալյովը: Քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հնարավորությունները, մարզի որոշ առողջարանների համար մշակված զբոսաշրջային փաթեթները: Ս.Անտինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար:
Սեպտեմբերի 20-21-ը Ս.Անտինյանը ներկա գտնվեց Արխանգելսկում ամեն տարի ավանդաբար անցկացվող Մարգարիտինյան տոնավաճառին, որտեղ ներկայացված էին տարածաշրջանի առանձին շրջանների գյուղատնտեսական մթերքներ, ազգային արտադրանք, ձեռագործ աշխատանքներ:
Սեպտեմբերի 22-ին Արխանգելսկի կառավարության շենքում անցկացվեցին մի շարք հանդիպումներ: Հանդիպում կայացավ երկրամասի Արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարության հետ` տարբեր ոլորտների Արհմիությունների նախագահների մասնակցությամբ, Արխանգելսկի կառավարությանն առընթեր Զբոսաշրջային գործակալության կողմից կազմակերպվեց հանդիպում-քննարկում մարզի խոշոր զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդականը այցելեց Հյուսիսային Դաշնային (Արկտիկական) Համալսարան որտեղ հանդիպեց ԲՈՒՀ-ի ղեկավարության, ինչպես նաև Արհմիության նախագահի հետ: Ս.Անտինյանի կողմից ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հնարավորությունները, մասնավորապես Ջերմուկի` որպես ժամանակակից առողջարանային քաղաքի առողջարանները, զոսաշրջության և արդյունավետ հանգստի բազմազան ենթակառուցվածքները, ներկայացվեցին հանքային ջրերի բուժիչ ազդեցությանը վերաբերող վերլուծական նյութեր: Ցուցադրվեցին առողջարանների համար մշակված զբոսաշրջային փաթեթները, մատչելի գնային առաջարկներով հանդերձ, ինչպես նաև` Ջերմուկի մասին նկարահանված վավերագրական-տեղեկատվական ֆիլմը:
Օրվա վերջում մարզի վարչակազմի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև զբոսաշրջային համագործակցության զարգացմանը նվիրված մամլո ասուլիս, որի լուսաբանմանը հրավիրված էին տեղական, տարածաշրջանային, ինչպես նաև դաշնային ԶԼՄ-ները: Ասուլիսին մասնակցեցին նաև տեղի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկի կառավարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ա.Կալինինը, Զբոսաշրջային գործակալության ղեկավար Ս.Զենովսկայան: Խոսվեց երկու մարզերի միջև համագործակցության ընդլայնման և խորացման մասին, մասնավորապես` զբոսաշրջության բնագավառում: Ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի լայն զբոսաշրջային հնարավորությունները, ենթակառուցվածքները, տեղեկատվություն տրվեց Ջերմուկի` որպես առողջարանային քաղաքի և առկա առողջարանների մասին:
Սեպտեմբերի 23-ին Ս.Անտինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ առանձին կազմակերպությունների արհմիությունների ղեկավարների հետ, ներկայացվեցին զբոսաշրջային փաթեթները, Արհմիությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել և հանգամանալից ուսումնասիրել բոլոր գնային առաջարկները: