Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2014

 

Սիրելի հայրենակիցներ:
Սեպտեմբերի 1-ը պետական տոնացույցի իր կարևորությամբ նշանակալի, իսկ ընդգրկումով՝ համաժողովրդական նշանակություն ունեցող տոն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Այն նշանավորում է նոր ուսումնական տարվա մեկնարակը դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում: Սրտանց շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին, ինչպես նաև բոլոր ուսուցիչներին և դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին իր հետ բերի նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Գիտելիքն այն ուժն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձությունները, գիրն այն ուժն է, որը հնարավորություն է տալիս պահպանելու մեր ազգային ինքնությունն ու սերնդից սերունդ փոխանցել մեր մնայուն արժեքները, իսկ դպրությունն այն ուժն է, որտեղ ստեղծվում և պահպանվում է գիտելիքն ու գիրը: Այս երեք զորեղ ուժերը միավորող տոնը շատ բնութագրական է մեր ժողովրդին, քանզի դրա շնորհիվ է հնարավոր եղել պահպանել մեր հազարամյակների գոյությունը:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց հաճախող մեր փոքրիկներին: Թող գիտելիքի տաճար նրանց մուտքը բարեբեր լինի: Այս օրը նրանց համար, թերևս, առաջին շրջադարձային օրն է, որը պետք է նախանշի նրանց կյանքի հետագա բոլոր կարևոր իրադարձությունները: Բարի երթ եմ մաղթում նրանց այդ լուսավոր ճանապարհին:
Այս ուսումնական տարին յուրահատուկ է նաև այն երիտասարդների համար, որոնք առաջին անգամ հաճախելու են քոլեջներ և համալսարաններ՝ ստանալով ուսանողի կարգավիճակ: Ես ցանկանում եմ, որ նրանք իրենց ուսումնառության արդյունքում դառնան լավ մասնագետներ և հետագա իրենց աշխատանքով շենացնեն մեր երկիրը:
Սիրելի բարեկամներ: Ապրելով Վայոց ձորում՝ մենք շրջապատված ենք Գլաձորի, Նորավանքի, Շադիվանքի, Գնդեվանքի, Ցախաց քարի, Հերմոնի, Արատեսի և բազում այլ նշանավոր ուսումնական և հոգևոր կենտրոնների ոգեշնչող միջավայրով: Այնտեղ դարեր շարունակ մեր երանելի նախնիների արարման արդյունքում ստեղծվել է այն հսկայական, անգնահատելի ժառանգությունը, որին արժանանալու բախտն ենք վայելում 21-րդ դարում: Մեզ անհրաժեշտ է նոր և ժամանակակից կրթության ուժով բազմապատկել այդ ժառանգությունը, դարձնել այն հանրաճանաչ ողջ աշխարհում և փոխանցել մեր սերունդներին: Դրա համար մեզ անհրաժեշտ է միայն սեր կրթության, գիտելիքի և դպրության հանդեպ:
Բարի երթ եմ մաղթում բոլորին 2014-2015 թվականների նոր ուսումնական տարում:

Էդգար Ղազարյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
01, սեպտեմբերի 2014թ.

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00