Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք տոնում ենք մեր հարգարժան գործընկերոջ ծննդյան հոբելյանը

27.08.2014

2014 թվականի օգոստոսի 27-ին լրանում է բազմավաստակ պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սամվել Թարվերդյանի ծննդյան 75-րդ տարեդարձը: Սամվել Թարվերդյանի ողջ գիտակցական կյանքը եղել է նվիրում և անմանցորդ ծառայություն մեր ժողովրդին և պետությանը: Ծնվելով ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում ապրող հասարակ գյուղական ընտանիքում՝ նա ստացել է բազմաստիճան և լիարժեք կրթություն՝ 1971 թվականին պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն և ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1974 թվականից նա զբաղեցրել է պետական և կուսակցական բազմաթիվ պաշտոններ: Երկար տարիներ եղել է Եղեգնաձորի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, ինչպես նաև ՀԿԿ Եղեգնաձորի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար: 1985 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, իսկ 1990 թվականին՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր: Կազմավորման օրվանից Սամվել Թարվերդյանն աշխատում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում՝ 1998 թվականից զբաղեցնելով մարզպետի տեղակալի պաշտոնը: 2002 թվականից նա ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպությունը: Լավ աշխատանքի համար երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ Մինստրների խորհրդի «Պատվո Նշան» շքանշանով, իսկ ՀՀ Նախագահի կողմից՝ «Անանիա Շիրակացի» մեդալով։ Հատկանշական է, որ Սամվել Թարվերդյանի պաշտոնավարման շրջանի հետ է կապվում Խորհրդային ժամանակներում, հատկապես Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական բուռն զարգացումը: Այդ ժամանակահատվածում, ինչպես Եղեգնաձոր քաղաքում, այնպես էլ շրջանի բազմաթիվ գյուղերում բուռն կերպով զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, կառուցվել են սոցիալ-մշակութային բազմաթիվ հաստատություններ: Նրա ղեկավարության շրջանում միջազգային մակարդակի հանդիսավորությամբ և համաժողովրդական տոնախմբության կազմակերպվել են Գլաձորի համալսարանի 700-ամյակի միջոցառումները: Այդ ժամանակահատվածում Եղեգնաձորի տարածաշրջանում իրականացվել են հսկայածավալ ներդրումներ, որոնց արդյունքներից մենք շարունակում ենք օգտվել մինչ օրս: Իր աշխատանքում բարեխիղճ, ազնիվ, կարգապահ, պարտաճանաչ, պետությանն անմնացորդ ծառայելու պատրաստակամ, չափազանց համեստ, զուսպ, առաքինի, իր ընտանիքն նվիրված, հասարակական խնդիրների հանդեպ հոգատար այդ մարդու կերպարն օրինակ է մեզ համար: Սամվել Թարվերդյանը, հիրավի, ամենահեղինակավոր վայոցձորցիներից մեկն է, որին ճանաչում և գնահատում են բոլորը, և որի անձի հանդեպ գոյությունի ունի համընդհանուր հասարակական հարգանք: Սրտանց շնորհավորում եմ ինձ համար շատ սիրելի և հարգարժան Սամվել Թարվերդյանին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: Մաղթում նրան ամուր առողջություն և երկար տարիների կյանք: Նրա հետ աշխատանքի յուրաքանչյուր օրը ես ինձ համար ձեռբերում եմ համարում, քանզի նրա շնորհիվ կարողանում եմ լրացնել իմ շատ թերություններ, օգտվել նրա հարուստ գիտելիքներից և փորձառությունից, զարգացնել իմ մեջ ազնիվ արժեքներ ու գաղափարներ, խորհուրդներ քաղել ամենադժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու համար: Կարծում եմ Սամվել Թարվերդյանին ճանաչող, նրա հետ աշխատած յուրաքանչյուր մարդ կհամաձայնի ինձ հետ, որ նրա հետ ապրելով և աշխատելով մենք մեծ հարստության բաժին ենք առնում: Մաղթում եմ, որ այդ հնարավորությունը մենք բոլորս դեռ երկար վայելենք:

Էդգար Ղազարյան` 
ՀՀ Վայոց ձորի մարզպետ,
27 օգոստոսի  2014թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46