Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազգագրական պարի փառատոն Վայոց ձորում
26.08.2014
2014 թվականի օգոստոսի 23-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում անցկացվեց ազգագրական պարի վայոցձորյան փառատոն` նվիրված ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին: Փառատոնը կազմակերպել էին Վայոց ձորի մարզպետարանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնը`մարզպետ Էդգար Ղազարյանի հովանավորությամբ:
Փառատոնին մասնակցում էին մարզում գործող ազգագրական պարի 7 խմբեր, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Փառատոնին ներկա էր <<Կարին>> ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցեց մասնակիցներին` նրանց համար բացահայտելով հայ ոգին կրող ազգագրական պարի որոշ գաղտնիքներ, խորհրդանշական շարժումներ:
Փառատոնը եզրափակեց <<Կարին>> համույթը, որը հիացրեց հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով: <<Կարին>> համույթի ելույթից առաջ մասնակիցներին ողջունեց և մրցանակային տեղեր գրավածներին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրերը հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Վերջում <<Կարին>> ազգագրական պարերի համույթը համախմբելով բոլոր ներկաներին մասնակցեց <<Վայոցձորյան յալլի>> պարի ուսուցմանը: