Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը նվիրված Արենի գինու Փառատոնին

14.08.2014



 Օգոստոսի 13-ին Երևանի <<Զարկերակ>> ակումբում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը: Այն նվիրված էր արդեն ավանդական դարձած ամենամյա Արենի գինու Փառատոնին, որն այս տարի ավելի է ընդլայնել իր ժամանակացույցը և կտևի հինգ օր` հոկտեմբերի 1-ից 5-ը: Ասուլիսին հանդես եկավ նաև <<Արենի>> փառատոն>> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 17-ին՝ Խաղողօրհնեքի տոնին, Նորավանքի վանական համալիրում առավոտյան մատուցվող Սուրբ պատարագով և խաղողի օրհնությամբ: Մարզպետը նշեց, որ Փառատոնի կազմակերպիչների առջև խնդիր է դրված տատեցտարի ընդլայնել տոնի ժամանակացույցը` ընդգրկելով միջոցառումների մեջ նորանոր համայնքներ, ընդլայնելով թե մասնակիցների ցանկը, թե Գինու տոնին այցելող հյուրերի թվաքանակը: Այս տարի այն տևելու է հինգ օր, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ կոնկրետ համայնքում նախատեսված են տոնական միջոցառումներ` խաղողի բերքահավաք, երգ, պար, ուտեստների համտես և այլն:
Փառատոնի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, <<Արենի>> հիմնադրամի և որոշ չափով մարզպետարանի միջոցներից: Տոնական միջոցառումները ավանդաբար կուղեկցվեն ազգային ավանդական ուտեստներից և խմիչքներից բաղկացած տոնական տաղավարներով, գինիների համտեսով, որին ժյուրիի կարգավիճակով կմասնակցեն արտերկրներից հրավիրված մասնագետ-սոմելյեները: Տնագործական գինիների և արդյունաբերական արտադրանքի համտեսների և ժյուրիի գնահատումների համար, բնականաբար, կլինեն տարբեր տաղավարներ:
Մտադրություն կա հաջորդ տարվանից Փառատոնը իրապես դարձնել միջազգային: Բանախոսները կարծիք հայտնեցին, որ Փառատոնը կարող է և պետք է դառնա մի յուրօրինակ միջազգային բրենդ Վայոց ձորի մարզի և մեր տարածաշրջանի համար: Այս կապակցությամբ աշխատանքներ են տարվում համապատասխան ենթակառուցվածների ավելացման, գյուղական հյուրատների շատացման, պայմանների բարելավման ուղությամբ: Այս Փառատոնին նման ծառայություններ առաջարկող գյուղական հյուրատների ցանկը առկա է մարզպետարանի կայքում: Գյուղական համայնքներում խրախուսվում է Փառատոնի ընթացքում տեղական ուտեստների, խմիչքների ցուցադրությունն ու վաճառքը: Միտում կա Փառատոնին մասնակից դարձնել ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանի այլ երկրների գինեգործներին, որոնք կարող են ներկայացնել հյուրերին իրենց արտադրանքը:
Ընդհանուր առմամբ սա բացառիկ հնարավորություն է այդ ժամանակահատվածում Հայաստան բերել զբոսաշրջիկների մեծ հոսք: Փառատոնը հնարավորություն կտա նաև անհատ գինեգործներին մասնակցություն ունենալ Փառատոնին, ցուցադրել հյուրերին ու մասնագետներին իրենց արտադրանքի որակն ու համը, նշեցին բանախոսները:
Ասուլիսին ներկա էր նաև մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46