Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց <<Հայկական միրգ>> ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը
08.08.2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված <<Հայկական միրգ>> ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, <<Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, <<Հայկական միրգ>> ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը և վերոնշյալ մարզպետարանների գյուղատնտեսության վարչության պետերը:
<<Հայկական միրգ>> ԲԲԸ հիմնադրվել է 2011 թվականին: Ծրագրով, որի նպատակն է ինտենսիվ այգեգործության զարգացումը, նախատեսվում է հիմնել 306 հեկտար ընկույզի, դեղձի, բալի և այլ պտղատեսակների այգիներ, որոնք կունենան նոր, ժամանակակակից տեխնոլոգիաներ և կբավարարեն տեղական շուկայի պահանջարկը: Ներկայումս հիմնվել է 50.8 հեկտար պտղատու այգիներ՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում:
Ողջունելով ներկաներին, նախարարն ընդգծել է, որ չնայած այս ծրագրի հույժ կարևորությանը, նրա իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն: <<Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն>>, – նշել է նախարարը:
Մարզպետները համակարծիք էին, որ ծրագիրը կարևոր է, սակայն անհրաժեշտ է որոշ քայլեր ձեռնարկել գյուղացիական տնտեսությունների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ծրագրի ժամկետների կրճատման, հողատարածքների չափորոշիչների վերանայման ու ավելի փոքր հողատեսքերի ներգրավման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է մարզպետներին սեղմ ժամկետներում ներկայացնել գրավոր առաջարկներ ծրագրի բարելավման և արդունավետության բարձրացման վերաբերյալ: Տեղեկացնելով, որ սեպտեմբերին Հայաստան է ժամանելու <<Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի>> առաքելությունը, նախարարը նշել է, որ բոլոր առաջարկները կքննարկվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը հանձնարարել է նաև փոխնախարար Սամվել Գալստյանին և Հովհաննես Հովհաննիսյանին առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել վերոնշյալ մարզեր և տեղում հանդիպումներ կազմակերպել ծրագրի շահառուների հետ և մանրամասն ներկայացնել ծրագրի պայմանները:
Աղբյուրը՝ minagro.am,07.08.2014թ.