Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները
28.07.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները:
<<Լավագույն մարզական ընտանիք-2014>> մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (նախորդ տարի՝ 2041 ընտանիք): Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք:
Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է <<Լավագույն մարզական ընտանիք-2014>> մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է <<Մարզական ընտանիք>> մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը:
<<Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է, որովհետև մարզական ընտանիք՝ նշանակում է առողջ ընտանիք, նշանակում է՝ լավատեսական տրամադրություն ունեցող ընտանիք: Առողջ ընտանիք՝ նշանակում է առողջ երեխաներ, առողջ փոխհարաբերություններ: Ձեր առավելությունը ուրիշների նկատմամբ նաև նրանում է, որ դուք ոչ միայն ինքներդ եք դրական ազդակներ ստանում, այլ նաև դրական ազդակներ եք հաղորդում ուրիշներին: Իսկ այսօր հասարակությանը ձեր հաղորդած դրական ազդակները չափազանց անհրաժեշտ են>>,-ասել է Հանրապետության Նախագահը:
Կարևորելով պրոֆեսիոնալ սպորտն ու հայ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում՝ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ <<Մարզական ընտանիք>>մրցույթի մասնակիցները ևս չափազանց կարևոր գործ են կատարում՝ ոչ պակաս, քան մեր պրոֆեսիոնալ մարզիկները:
Աղբյուրը՝ president.am, 27.07.2014