Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում

24.07.2014

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելու նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը նշել է, որ հանրապետությունում Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված հանրային քննարկումների շրջանակում հերթական քննարկումը կազմակերպվել է Վայոց ձորի մարզում, որի վերաբերյալ մարզպետարանի կողմից իրականացվել է իրազեկում և քննարկումն ընթանում է դռնբաց: Այնուհետ Էդգար Ղազարյանը խոսքը փոխանցել է ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանին և Վարդան Պողոսյանին:
Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել է, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»,- ասել է Վարդան Պողոսյանը:
Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա նշել է, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով: Մասնավորապես առաջարկվում է համայնքների ուժեղացում`մեծացնելով ավագանու դերակատարությունը: «Մեր նպատակն է ներկայացնել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք սահմանադրական լուծումների անհրաժեշտություն ունեն: Կքննարկենք այդ կոնցեպցիան` հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»,-նշել է նա: Ըստ հանձնաժողովի անդամի` գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ լիարժեք ապահովել կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգ, որը կնպաստի ժողովրդավարական կառավարման ձևի ամրապնդմանը:
Գեորգի Կուտոյանի խոսքով՝ Սահմանադրությունը սահմանում է կայուն իրավահարաբերություններ, այն ուղղված է կայունության ամրապնդմանը: Նա պարզաբանել է, որ պառլամենտական կառավարման ձևին անցնելու հարցը դեռևս քննարկման փուլում է՝ հավելելով, որ այն շատ դրական կողմեր ունի: Խոսելով միջհամայնքային միավորումների մասին՝ նա նշել է, որ դա արվելու է հանրային շահերից բխող հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:

Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Վարդան Պողոսյանը նշել է, որ հանրային քննարկման համար չափազանց կարևոր են քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները և բոլոր նրանք, ովքեր ունեն որոշակի առաջարկություններ, կարող են դրանք ներկայացնել հանձնաժողովին ոչ միայն բանավոր, այլև՝ գրավոր: Հարցին, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի և մարդու իրավունքների միջև հարաբերակցությունը, Վ. Պողոսյանը պատասխանել է, որ սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները:
Վերջում բանախոսները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին:

                                               Աղբյուրը՝  

ՀՀ արդարադատության նախարարության  պաշտոնական կայք, 24.07.2014

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46