Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցեց համայնքների խոշորացման խնդիրներին նվիրված քննարկմանը
17.07.2014
2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Զառիթափ համայնքի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ նվիրված համայնքների խոշորացման խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) փորձագետներ, Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Գոմք և Արտավան համայնքների ղեկավարները, համայնքների ավագանիների անդամներ, հիշյալ համայնքների բնակիչներ: Վահան Մովսիսյանի կողմից մասնակիցներին մանրամասն կերպով ներկայացվեց համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև առանձնակի անդրադարձ կատարվեց Զառիթափ կենտրոնով խոշորացվող համայնքային փնջի ձևավորման հնարավորություններին, ակնկալվող արդյունքներին, ինչպես նաև հավանական ռիսկերին: Տրվեցին մասնակիցներին հուզող հարցերի պատասխանները: Հանրային քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով համայնքների խոշորացման անհրաժեշտությունը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների և համայնքային կարողությունների ամրապնդման համատեքստում: