Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զորահանդես Եղեգնաձորում

13.07.2014



 
2014 թվականի հուլիսի 12-ին Եղեգնաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր:
Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:
Շնորհավորելով ներկաներին 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծել է, որ տոնական օրը Վայոց ձորի մարզկենտրոնում մեծ հանդիսությամբ նշելը բնավ պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով:
Անդրադառնալով Հայոց բանակի մարտունակությունը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազամատենչ հայտարարություններին և հակառակորդի ագրեսիվ գործողություններին` պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն առանց երկնչելու և պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր` զսպող մեխանիզմների միջոցով կանխելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները:
Շնորհավորական ելույթներով հանդե են եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Որպես քրտնաջան աշխատանքի արդյունք` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարությանն է հանձնել զորամիավորման մարտական դրոշը:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46