Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում է ունեցել Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների տնօրենների հետ
08.07.2014
2014 թվականի հուլիսի 7-ին Ջերմուկի <<ՕԼԻՄՊԻԱ>> առողջարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը։ Մարզպետի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին Ջերմուկի, որպես զբոսաշրջության կենտրոնի, զարգացման ծրագրերը, առանձին ծրագրերում առողջարանների և հյուրանոցների համատեղ գործունեության կազմակերպման հնարավորություններն ու հեռնկարները։ Հատկապես կարևորություն տրվեց միջազգային համագործակցության շրջանակներում, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսներում համատեղ հանդես գալու անհրաժեշտությանը։ Մարզպետն առաջարկեց առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին ակտիվ և շահագրգիռ մասնակցություն ցուցաբարել մշակման փուլում գտնվող Վայոց ձորի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի մշակման աշխատանքներին։ Քննարկման ընթացքում հավանության արժանացավ նաև առողջարանների և հյուրանոցների բակերում բացօթյա շախմատային դաշտեր կառուցելու մարզպետի առաջարկը, որը գործնական կիրառությունից զատ ունի նաև խորհրդանշական իմաստ՝ պայմանավորված Ջերմուկի, իբրև շախմատային քաղաքի, նշանակության հետ։ Առողջարանների տնօրենների առաջարկությամբ քննարկվեց նաև պետական աջակցությամբ սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիներին հանգստի և բուժման ծառայություններ մատուցելու գործընթացին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպում կազմակերպել նաև օգոստոս ամսվա ընթացքում՝ նախնական պայմանավորվածությունների շուրջ վերջնական որոշումներ ընդունելու նպատակով։