Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավարության հետ, բուհի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարինա Կալինինայի գլխավորությամբ: Հայաստանյան կողմից ներկա էին մարզպետ Է.Ղազարյանը և մարզպետի խորհրդական Ս.Անտինյանը: Վավերագրական տեսանյութի, ապա` պրեզենտացիոն նյութերի ցուցադրմամբ ներկայացվեց Ռուսաստանի խոշորագույն դաշնային բուհերից մեկի կառուցվածքը, գիտակրթական ծրագրերը, հետազոտական ուղղությունները, նրա կազմում եղած ինստիտուտները և այլն:
Պրոռեկտոր Կալինինան նշեց, որ բուհը պատրաստ է լայն գործընկերային հարաբերություններ հաստատել Վայոց ձորի մարզի հետ: Որպես համագործակցության հետագա զարգացման ուղղություններ, առաջարկվեց ՀԱԴՀ-ի բազայի վրա Վայոց ձորի կարիքների համար բարձրորակ կադրերի պատրաստման, դիմորդների համար մասնագիտական կողմնորոշման միջոցառումների անցկացման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրագործման, ինչպես նաև ռուսաց լեզվի աջակցմանն ու տարածմանն ուղղված համատեղ գործունեության իրականացումը:
Մարզպետ Է.Ղազարյանը բարձր գնահատեց բուհի ներուժն ու հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով գիտակրթական հաստատության մասին համալիր ու ամբողջական տեղեկատվության տրամադրման համար, մարզպետը շնորհավորեց համալսարանի քառամյա տարեդարձը, նշելով, որ կրթությունը մեր երկու մարզերի միջև համագործակցության կարևագույն բաղադրիչներից է, որն ամրագրված է երկուստեք ստորագրված և գործող Համագործակցության համաձայնագրում: Քննարկման ընթացքում հատուկ հետաքրքրություն ներկայացրեցին զանազան թեմատիկայով համատեղ ամառային դպրոցների անցկացման, միջազգային գիտաժողովներին Հայաստանի և ՀԱԴՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցության, համատեղ ծրագրերի իրագործման բնագավառներում համագործակցության հնարավորությունը: Հանդիպման արդյունքներով մարզպետը հրավիրեց ՀԱԴՀ ղեկավարությանը պատասխան այցով այցելել Վայոց ձոր:
Պաշտոնական հանդիպմանը հաջորդեց էքսկուրսիան «Հյուսիսի կենսառեսուրսների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների» նորարարական կենտրոն: Հայաստանյան պատվիրակության անդամները ծանոթացան թղթի պատրաստման և վերամշակման ժամանակակից լաբորատորիաների աշխատանքներին: