Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ 6-ՐԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ
13.06.2014
Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ՌԴ Արխանգելսկի մարզում ընթացող 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումին: Նահագնապետ Ի.Օրլովի բացման հանդիսավոր ելույթից, ապա` ՌԴ պետական և Արխանգելսկի նահանգային հիմների հնչեցումից հետո հայկական պատվիրակության ղեկավար, մարզպետ Է.Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա բարձր գնահատեց հյուսիսային այդ երկրամասում արդեն ավանդական դարձած ազգամիջյան ֆորումների անցկացումը, ինչը տարբեր ազգերի ու ազգությունների խաղաղ գոյակցության և մշակութային բազմազանության հիմքն է, կարևորեց ազգերի միջև համերաշխության և փոխգործակցության հարցերում Արխանգելսկի հայկական համայնքի վճռական դերը ու նշանակությունը: Հաջողություն մաղթելով ֆորումի աշխատանքներին, մարզպետը հույս հայտնեց, որ այսուհետ ևս Արխանգելսկի մարզը կշարունակի լինել տարբեր ազգությունների համերաշխության դրսևորման օրինակելի մի երկրամաս: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը: Նա նշեց, որ Արխանգելսկի մարզը ազգամիջյան քաղաքականության արդյունավետ իրականացման վառ օրինակ է, որի արդյունքում ստեղծված բարենպաստ միջավայրում ապրում ու համագործակցում են տարբեր ազգերի, կրոնական հոսանքների ու մշակույթների ներկայացուցիչները:
Բովանդակային հարցերի շուրջ ելույթ ունեցավ ռեգիոնալ քաղաքականության գծով Արխանգելսկի նահանգապետի տեղակալ Ս.Կովալյովը, ով ներկայացրեց ՌԴ ազգային քաղաքականության պետական ռազմավարության իրականացման մասին զեկույցը Արխանգելսկի երկրամասի համար: Նա նշեց, որ մարզի տարածքում գործում է 59 ազգային-մշակութային ինքնավարություն, էթնոմշակութային կազմակերպություններ ու միավորումներ, հայրենակցական միություններ: 2006թ-ից մարզում գործում է «Արխանգելսկի մարզի և Արխանգելսկ քաղաքի ազգությունների խորհուրդը», որը միավորում է 13 ազգային մշակութային ինքնավարություն և հասարակական կազմակերպություններ: Մարզային իշխանությունները աջակցում են այդ կազմակերպությունների ներդաշնակ գոյակցությանը, նրանց կողմից նախաձեռնվող սոցիալ-տնտեսական և մշակութային ծրագրերին:
Նշենք, որ Արխանգելսկի ազգությունների խորհուրդը տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որի նախագահը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, մեր հայրենակից Մամիկոն Գեկչյանն է: Վերջինս նաև Արխանգելսկի նահանգի Հանրային խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է: