Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԽԱՆԳԵԼՍԿՈՒՄ
13.06.2014
Ս.թ. հունիսի 10-ին ՌԴ Արխանգելսկի երկրամաս այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական հուշարձան-խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը: Խաչքարը տեղադրվել էր քաղաքի ռուսական եկեղեցու՝ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա էին Արխանգելսկի նահանգապես Ի.Օրլովը, Արխանգելսկի և Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը, հոգևոր և պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:
Նահանգապետ Օրլովը ողջույնի իր խոսքում բարձր գնահատեց հուշարձանի տեղադրումը, այն համարելով կարևոր իրադարձություն ոչ միայն տեղի հայ համայնքի կյանքում, այլև՝ երկրամասի բոլոր բնակիչների համար: Նա նշեց, որ իրադարձությունը մերձեցնում է հայ և ռուս ժողովուրդներին, ռուս ազգի ներկայացուցիչները հուշարձանի միջոցով հաղորդակից են լինում հայ մշակույթին, հոգևոր և ստեղծարար արժեքներին: Այդպես են միավորվում մեր երկրները, տարածաշրջանները, ժողովուրդները, որոնք քրիստոնեական մեծ ընտանիքի անդամներն են, իր խոսքում նշեց նահանգապետը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը իր շնորհավորական ուղերձում կարևորեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը մեր ժողովուրդների դարավոր եղբայրության նորօրյա դրսևորումներից է: Եվ այսօրվա հոգևոր մեծ իրադարձությունը դրա ամենավառ վկայությունն է, նշեց մարզպետը:
Օրհնության խոսքով և շնորհավորանքի ելույթով հանդես եկավ նաև Սրբազան Դանիիլը: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրության մթնոլորտում: Ներկաները ծաղիկներ դրեցին նորաբաց հուշարձանին:
Խաչքարը պատրաստվել էր Հայաստանում քարագործ վարպետների կողմից և տեղափոխվել հեռավոր Արխանգելսկ տեղի հայկական համայնքի ղեկավար, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Գեկչյանի ջանքերով: Վերջինս նշեց, որ հուշարձանի պատրաստումը մոտ երեք ամիս է տևել: Այն կշռում է մեկուկես տոննա և իր տեսակով յուրահատուկ է:
Նշենք, որ հյուսիսային հեռավոր այդ մարզում ներկայումս բնակվում է մոտ 1800 հայ, որոնցից 800-ը մարզկենտրոն Արխանգելսկում: