Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
28.05.2014
Սիրելի հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ պետականության յոթդարյա կորստից հետո 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր՝ հայոց պետականության հաստատումը:
Պատմական ճշմարտություն է, որ Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևած երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը ընդունելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության։
1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականության փաստը հայ ժողովրդի պատմության հերոսական վերելքներից է:
1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենապաշտության վկայությունն է: Ուստի փառք ու պատիվ մաղթենք բոլոր նրանց ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին և մեզ ավանդեցին այս մի բուռ երկիրը, որի զորացումն ու հզորացումը մեր սերնդի գործն է, որպես պատասխան նրանց թափած արյան:
Բարի հիշատակ 1918-1920թթ. ազատամարտի հերոսներին և հանգստություն նրանց շիրմներին:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր և ամուր պետականություն: