Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
23.05.2014
Սիրելի շրջանավարտներ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթում` բարի երթ:
Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս Ձեր հարազատ կրթօջախին, Ձեր սիրելի ուսուցիչներին և ոտք դնում կյանքի մի այնպիսի փուլ, որտեղ Ձեր գործունեության պատասխանատուն միայն Դուք եք:
Ես սիրով գիտության բարձունքներ նվաճելու հաստատակամություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր շարունակելու են իրենց ուսումնառությունը, աշխատանքային հաջողություններ նրանց, ովքեր իրենց ուժերը ներդնելու են մարզի տնտեսության զարգացման գործընթացում, բարի ծառայություն այն շրջանավարտներին, որոնք հսկելու են մեր երկրի սահմանները, ապահովելով մեր բոլորի խաղաղ գոյակցությունը:
Ես մաղթում եմ, որպիսի Դուք ուր էլ գնաք, ինչ էլ ձեռնարկեք հաջողությամբ պսակվի, ավելին` համոզված եմ, որ դա այդես է լինելու, քանզի Դուք դառնալու եք այնպիսին, որպիսին երազում են Ձեր ծնողները: Իսկ դրա համար նրանք Ձեր ուսուցիչների հետ համատեղ արել են ամեն հնարավորը՝ Ձեզ կյանքի ճանապարհներին ճիշտ ուղղորդելու համար: Համոզված եմ, որ Դուք այդ ճանապարհը նույնպես անցնելու եք արժանապատվորեն, դպրոցում Ձեր ձեռք բերած անփոխարինելի գանձի` գիտելիքի, հմտությունների և կարողությունների շնորհիվ:
Սիրելի շրջանավարտներ, ամենայն հաջողություն Ձեզ: ՈՒր էլ, որ գնաք, ինչ էլ դառնաք, միշտ սիրով հիշեք Ձեր դպրոցը, քաղաքը, մարզը, երկիրը և հավատարիմ մնացեք Ձեր ընտանիքին ու Հայրենիքին:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս յուրօրինակ և ամբողջ կյանքի համար հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ բարի ճանապարհ դեպի լուսավոր ապագա:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան