Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
19.05.2014
2014 թվականի մայիսի 18-ին Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի Բերձոր քաղաք էր մեկնել ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ, Մալիշկա և Շատին համայնքների ղեկավարները, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրենը և անհատ կատարողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ, Մալիշկայի համայնքային պարի խմբի սաներ: Պատվիրակության անդամները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի, Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Բերձորի ազատագրման և Արցախի ազատության համար իրենց կյանքի զոհաբերած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, որտեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նույն օրը տեղի ունեցավ Մալաթիա ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Ներքին Սուս գյուղում հյուրերը մասնակցեցին նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված խմելու ջրագծի բացման արարողությանը: Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին նաև Մալիշկայի պարի խմբի սաները և Եղեգնաձորից ժամանած անհատ կատարողները: