Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման թեմայով մարզային քննարկում
26.04.2014
2014 թվականի ապրիլի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում, կայացավ Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման թեմայով մարզային քննարկում: Քննարկման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, Հայաստանում կլիմայական փոփոխությունների ծրագրի կոորդինատոր Դիանա Հարությունյանը:
Քննարկումը կազմակերպվել էր <<Ավենյու Քընսալթինգ Գրուպ>> և <<Ապրիկոտ Պլյուս>> խորհրդատվական ընկերությունների կողմից ՄԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանում կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Քննարկման նպատակն էր ձևակերպել կլիմայի փոփոխությունից և կլիմայական ռիսկերից մարզի հարմարվողականության ռազմավարություն:
Քննարկման ընթացքում <<Ավենյու Քընսալթինգ Գրուպ>> խորհրդատվական ընկերության համասեփականատեր, Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների բաժնի պետ, տ.գ.թ. Կարեն Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրեց քննարկման հիմնական թեմաները և ձևաչափը:
Քննարկմանը մասնակիցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնի աշխատակիցներ, մարզի տարբեր համայնքերի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցները անդրադարձան մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա կլիմայի փոփոխության ազդեցության խնդիրներին, մասնավորապես` գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքներին, էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը, առողջապահությանը և սոցիալական ապահովությանը, ջրային ռեսուրսներին: