Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէր

07.04.2014

 <<Մարզպետները հայեցողական պաշտոնյաներ են` գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, բայց կառավարության անդամ չեն, եւ կառավարությանը վերաբերող հարցերով ես ինքս կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ տալ կամ տեսակետներ հայտնել>>,-Yerkir.am-ին այսօր ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը' անդրադառնելով վարչապետի հրաժարականին: Ըստ նրա` քանի որ մարզպետը կառավարության անդամ չէ, հետեւաբար` կառավարության պաշտոնանկությունը մարզպետի վրա ուղղակիորեն չի անդրադառնում: <<Մարզպետը հայեցողական պաշտոնյա է, մեր պաշտոնին ո'չ հենակետային պահանջներ են ներկայացվում, ո'չ պաշտոնավարման ժամկետ է սահմանված: Ցանկացած պահի կառավարությունն իրավասու է ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել: Հետեւաբար, երբ նոր կառավարություն ձեւավորվի եւ համապատասխան որոշումներ կայացնի, մենք կառաջնորդվենք կառավարության այդ որոշումով>>,- նշեց Էդգար Ղազարյանը: Անդրադառնալով հարցին' վարչապետի հրաժարականը եւ նոր կառավարության կազմավորումը ինչ-որ կերպ կանդրադառնա՞ կոնկրետ իր աշխատանքի վրա, նա ասաց, որ ինքը` որպես մարզպետ, իրականացնում է կառավարության' տարածքային քաղաքականությունը, իսկ վարչապետի հրաժարականը դա կառավարության հրաժարականն է' պայմանավորված ներքին գործոններով, քաղաքական իրադարձություններով կամ անձնական դրդապատճառներով: <<Հիմա, երբ նոր կառավարություն կձեւավորվի, ես` որպես կառավարության քաղաքականության իրագործող, ինչ քաղաքականություն որ նոր կառավարությունը կորդեգրի, այդ քաղաքականությունն էլ պարտավորված եմ իրագործել' ի պաշտոնե>>,- նշեց Էդգար Ղազարյանը: Հարցին` սպասելի՞, թե՞ անսպասելի էր իր համար վարչապետի հրաժարականը, Վայոց ձորի մարզպետն ասաց, որ ինքը ինտերնետից է կարդացել վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունը, որում վարչապետը նշել է, որ իր հրաժարականը իր քաղաքական որոշումն է եղել: <<Այսինքն' դա ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէ: Կառավարության հրաժարականի կանխատեսելիությունը սահմանադրական գործընթացներով է պայմանավորված' հերթական խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ, ու միայն այդ դեպքերում է կանխատեսելի կառավարության հրաժարականը: Իսկ կոնկրետ դեպքում, ինչքանով որ տեղեկացել եմ' կարդալով, այս որոշումը վարչապետի անձնական որոշումն է...>>,- խոսքը եզրափակեց մարզպետը:


                                                                              Աղբյուրը՝ yerkir.am 04.04.2014

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46