Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում ցրտահարության վնասներն այնքան էլ մեծ չեն, որքան Արարատյան հարթավայրում
01.04.2014
Վայոց ձորի մարզում ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում. Yerkir.am-ին ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ըստ նրա` դեռեւս ուսումնասիրվում է վնասների չափը, բայց քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ միջին ու բարձր լեռնային գոտիներում գտնվող համայնքներում, մասնագետների կարծիքով, ցրտահարությունն այնքան շատ վնաս չի պատճառել: <<Մեր ցածրադիր համայնքները Արենի, Ռինդ, Չիվա եւ Վայք համայքներն են, որոնք, ըստ էության, ցրտահարությունից վնաս են կրել: Բայց մենք ցածրադիր վայրերում այդքան շատ այգիներ չունենք, մեր այգիները, հիմնականում, գտնվում են միջին լեռնային ու բարձր լեռնային գոտիներում, որտեղ ցրտահարության հասցրած վնասի չափը պետք է որ մեծ չլինի: Կա նաեւ եզրակացություն, թե պետք է որ վնասված չլինեն նաեւ խաղողի այգիները, որովհետեւ խաղողի բողբոջման շրջանը դեռ չի սկսվել մեր մարզում: Կեռաս, դեղձ, սալոր եւ այլ պտղատեսակները հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտիներում: Դեղձի մի մասը կարող է վնասված լինել: Բայց, օրինակ, մենք Գնդեվազում ունենք բավականին շատ ծիրանի այգիներ, դրանց տեղը բարձր է, չեն ծաղկել, ու, ըստ էության, այնտեղ ընդհանրապես այգիները չեն վնասվել: Իսկ ցածրադիր վայրերում, այնպես չէ, որ համատարած է վնասվել, իհարկե, ծիրանի այգիներ ունենք, որոնք, սակայն, շատ չեն վնասվել>>,- ասաց Էդգար Ղազարյանը: Ըստ նրա` այժմ ընթացքի մեջ են վնասի չափերի ճշգրտման աշխատանքները, որոնք մինչեւ այս շաբաթվա վերջը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն: Դրանից հետո կերեւա, թե ինչ պետք է արվի` վնասը փոխհատուցելու համար: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում` գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ է եղել իրականացնել: Որովհետեւ, պարզաբանեց մարզպետը, սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում եւ նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել:
Աղբյուրը՝ Yerkir.am, 31.03.2014թ.