Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 2 նիստը
18.03.2014
Ս/թ մարտի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 2 նիստը:
Նիստի սկզբում մարզպետ Էդգար Ղազարյանը նախ շնորհավորեց մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանին և վերընտրված ղեկավարներ Սուրիկ Սարգսյանին (Զեդեա), Գայ Օհանյանին (Հերմոն), Միսակ Կարապետյանին (Նոր Ազնաբերդ), Սիմոն Բաբայանին (Սարավան), մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ իրենց ղեկավարած համայնքների զարգացման և ի բարօրություն համայնքների բնակիչների:
Այնուհետ մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը և հայտարարությունները ներկայացնող պաշտոնատար անձանց, բարձրաձայնելու հարցերն ու հայտարարությունները, որոնց շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկումներ:
Մարզպետն օրակարգում ընդգրկված <<Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդին կատարվող փոխանցումների մասին>> հարցի շրջանակում լրացուցիչ պարզաբանումներ տվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կարևորության ու անհրաժեշտության վերաբերյալ:
Նիստի ընթացքում կայացավ հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Նախարարը խոսեց նախորդ տարվա արդյունքների և ընթացիկ տարվա անելիքների մասին: Նա նշեց, որ 2014 թվականին առավել մեծ ջանքերով են օժանդակելու մարզերում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործում: Խոսեց պետական աջակցության ծրագրերով մարզի հողօգտագործողներին հատկացվելիք դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի, ինչպես նաև գարնանացան գարու, եգիպտացորենի ու առվույտի սերմացուի տրամադրման մասին: Խոսեց նաև մարզում արտադրված գյուղմթերքների մթերումը ժամանակին և անկորուստ կազմակերպելու խնդիրների շուրջ: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց , որ <<Հայկական միրգ>> ԲԲԸ-ի կողմից մարզի համայնքներում նախատեսվում է հիմնել 70 հա ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր պտղատու այգիներ: Նախարարը կարևորեց մարզի վարելահողերի արդյունավետ օգտագործումը: Նախարարը նշեց նաև մարզում այծաբուծության բարձր ցուցանիշների մասին: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախարարին:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>> ոսկե մեդալով պարգևատրեց այգեգործ-գինեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին, իսկ շնորհակալագրերով՝ մարզի մի շարք համայնքների ղեկավարների, ֆերմերների և այգեգործների:
Վերջում մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նախարարին մարզ այցելելու կապակցությամբ և կարևորեց նախարարի օժանդակությունը մարզում գյուղարտադրանքի մթերումների կազմակերպման, ինչպես նաև գյուտնտեսության ոլորտի այլ հարցերի լուծման հարցում:
Նշենք, որ մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժին: