Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկումներ՝ նվիրված Վայոց ձորի մարզի զարգացման խնդիրներին
18.03.2014
2014 թվականի մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման խնդիրները:
Առաջին հանդիպում կայացել է «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ, ուր քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում տնտեսության զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի մշակման, ինչպես նաև մարզի տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով 2014 թվականի աշնանը կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել «Հայաստանի համայնքների միության» գրասենյակում, որին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, Վայոց ձորի մարզի Ռինդ և Արենի համայնքների ղեկավարները: Քննարկվել է Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում Վայոց ձորի մարզում տնային գինեգործների կոոպերատիվ ստեղծելու, ինչպես նաև գինու լաբորատորիա և շշալցման արտադրամաս հիմնելու հարցերը:
Հանդիպում է կայացել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է գինեգործության ոլորտի օրենսդրության կատարելագործման և ազատականացման խնդիրները: