Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայք համայնքի ղեկավարը հանդես եկավ 2013 թվականի գործունենության հաշվետվությամբ
14.03.2014
Մարտի 13-ին Վայքում տեղի ունեցավ համայնքային ժողով, որի օրակարգում էր համայնքի ղեկավարի գործունեության 2013թ-ի հաշվետվությունը: Ժողովին մասնակցում էին համայնքի մոտ 150 բնակիչներ: Ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:
Համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի բացման խոսքից հետո քաղաքապետարանի առաջատար մասնագետ, ֆինանսիստ Նատալիա Հովհաննիսյանը ներկայացրեց համայնքային բյուջեի կատարողականը` մանրամասնելով բոլոր եկամուտներն ու ծախսերը:
Համայնքապետարանր աշխատակազմի ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը ներկայացրեց 2013թ-ի իրականացված ծրագրերը, ինչպիսիք էին քաղաքի արվեստի դպրոցի հիմնանորոգումը և ջեռուցումը, փողոցների լուսավորությունը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, թիվ 3 մանկապարտեզի ջեռուցումը, մշակույթի տան փոքր դահլիճի վերանորոգումը, արվեստի դպրոցի համար երաժշտական գործիքների և մանկական սեղծագործական կենտրոնի համար` պարային հագուստների ձեռքբերումը: Նշված ծրագրերն իրականացվել են Վայոց ձորի մարզպետարանի, Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության, Էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ: Ներկայացվեցին նաև համայնքային իրադարձությունները և նվաճումները մարզական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև բոլոր համայնքային ենթակայության հիմնարկների գործունեությունը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը բարձր գնահատեց Վայք համայնքի ղեկավարի և քաղաքապետարանի գործունեությունը, առհասարակ այդ համայնքում հանրային կյանքի կազմակերպվածությունը և պատահական չհամարեց, որ 2013թ-ին Վայքը մարզպետարանի կողմից ճանաչվել է որպես լավագույն համայնք:
Մարզպետը ներկայացրեց նաև պետության կողմից Վայքին ցուցաբերված և պլանավորվող աջակցությունը և խոստացավ շարունակել ջանքերը` համայնքի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: