Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այցը ՀՀ Վայոց ձորի մարզ
13.03.2014
Մարտի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Վայոց ձորի մարզում էր: Վլադիմիր Գասպարյանն այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, ապա Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի ակտիվի հետ:
Հանդիպման սկզբում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ս/թ մարտի 1-ին վախճանված ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ (2001-2003թթ.) Վաղինակ Մաթևոսյանի հիշատակը: Այնուհետև Էդգար Ղազարյանը ողջունեց ոստիկանապետի այցը Վայոց ձորի մարզ և ձայնը փոխանցեց Վլադիմիր Գասպարյանին:
Ներկայացնելով իր այցի նպատակը և ոստիկանության ծրագրերը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Վայոց ձորի մարզն աչքի է ընկնում խաղաղ կենսակերպով և այլ մարզերի համեմատ Վայոց ձորում նկատելի է հանցագործությունների թվի պակասը: Ոստիկանապետն իր խոսքում կարևորեց աճող սերնդի դաստիարակության գործում կրթական հաստատությունների և ոստիկանության համագործակցված աշխատանքը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների համագործակցությունը, համայնքային խնդիրների լուծման գործում: Նա նշեց, որ միշտ լինելու է գյուղացու կողքին և հողի մշակի շահերի պաշտպանը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց նաև որսագողության, թմրամոլության և պաշտոնեական դիրքի չարաշահումների հանդեպ անձամբ իր և ոստիկանական համակարգի անողոք պայքարի մասին:
Վերջում ներկաներն իրենց հոզող հարցերն ուղղեցին ՀՀ ոստիկանապետին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների և կրթական հաստատությունների ղեկավարներ: