Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղմթերք արտադրության կին-հերոս դարձան նաև վայոցձորցի կանայք
10.03.2014
Մարտի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Օքսֆամի հետ համատեղ կազմակերպել էր “Գյուղմթերք արտադրության կին-հերոս” ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ “Կոնգրես” հյուրանոցում: Մրցանակաբաշխությունն իրականացվում էր 4-րդ անգամ: Դրան մասնակցում էին միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Օքսֆամի աջակցությամբ ստեղծված գյուղական կոոպերատիվիների կանայք տարբեր մարզերից: Ամենամեծ ներկայացվածությունն այդ միջոցառմանն ունեին Վայոց ձորի կանայք: Մարզի Ազատեկ, Զեդեա, Գոմք, Հերմոն և Եղեգիս համայնքների կանանց գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներն իրենց արտադրանքն ու իրենց նվաճումները ներկայացնում էին միջոցառման հյուրերին և մասնակիցներին: Ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով հերթով անցավ բոլոր տաղավարների կողքով` համտեսելով տաղավարների բերքն ու բարիքը: Նա նշեց, որ թեև ողջ Հայաստանի բերքն է համեղ, բայց Վայոց ձորի բերքն ու բարիքն առանձնահատուկ համ ունի: Գյուղնախարարն անձամբ հանձնեց նաև “Կին-հերոսների” մրցանակները: Վայոց ձորից այդ պատվին արժանացան Մարիամ Մարգարյանը` Ազատեկից և Շաղիկ Գյուլամիրյանը Զեդեայից:
Նշենք, որ «Գյուղմթերք արտադրող կին հերոս» ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ին՝ ՕՔՍՖԱՄ-ի «ԱՃԵՑՆԵՆՔ» համաշխարհային քարոզարշավի շրջանակներում: