Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է <<Հրաժեշտ ձմռանը>> վայոցձորյան մարզա-մշակութային տոնակատարությունը
03.03.2014
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել <<Հրաժեշտ ձմռանը>> վայոցձորյան մարզա-մշակութային տոնակատարությունը` մարզի համայնքների ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ:
Տոնակատարությանը մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց, Ջերմուկի համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի և միջոցառման մասնակից համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպմանը մասնակից Հայաստանում հավատարմագրված դեսպանները և ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Մարզային տոնախմբությունը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի օրհնության և ՀՀ Վայոց ձորի մարզպետի բացման խոսքերով:
<<Հրաժեշտ ձմռանը>> մարզա-մշակութային տոնակատարության շրջանակներում կազմակերպվել են Նավասարդյան ազգային խաղեր, մրցույթներ՝ շուրջ 10 տարբեր մարզաձևերից:
Միջոցառման ընթացքում մարզի համայնքները ներկայացել են նաև իրենց մշակութային համույթներով ու անհատ կատարողներով:
Տոնական հանդիսության ավարտին մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից պարգևատրվել են բոլոր մրցաձևերից հաղթող ճանաչված մարզիկներն ու թիմերը, ինչպես նաև միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք համայնքների մշակութային համույթներ:
Մարզա-մշակութային տոնակատարությունն ամփոփվել է ավանդական խարույկով և հայկական քոչարիով:






