Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայի ոգին անպարտ է
30.01.2014
2014 թվականի հունվարի 30-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ << Հայի ոգին անպարտ է>> միջոցառումը, որը նվիրված էր հայոց բանակի կազմավորման 22 ամյակին :
Միջոցառմանը ներկա էին 4-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը, փոխգնդապետ Մամիկոն Վարդանյանը, Եղեգնաձորի զինվորական կոմիսար, մայոր Ա. Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետներ, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա, տեր Վազգեն Հովհաննիսյանը, զինվորականներ, հյուրեր, ծնողներ, աշակերտներ:
Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը հանդիսության բացման իր խոսքում կարևորեց ռազմահայրենասիրական միջոցառումների դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում:
Միջոցառումը ևս մեկ անգամ հավաստեց, որ անկախության սերունդը լինելու է վաղվա արժանավոր զինվորը:
Գրական երաժշտական ցերեկույթին աշակերտները ներկայացրին հայ ժողովրդի հերոսական գոյամարտի հաղթարշավը՝ սկսած Կարմիր Վարդանից, Դավիթ Բեկից մինչև Արցախյան հերոսամարտ:
Ողջ միջոցառման ընթացքում դահլիճում թևածում էր հերոսների կենդանի ոգին: Աշակերտների ոգեշունչ խոսքը, հուզառատ երաժշտական կատարումները, զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ անպարտ է հայի ոգին:
Միջոցառման ավարտին գեներալ-մայոր Ա. Մակարյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց, ուղղված 6-րդ դասարանի աշակերտներին: Իսկ Ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական միջոցառումը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրեն Ա. Սարգսյանին և միջոցառման կազմակերպիչ Շ. Ավետիսյանին: