Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն ամփոփեց 2013 թվականի արդյունքները
25.12.2013
Ս/թ դեկտեմբերի 25-ին <<Ուրբաթ>> մամուլի ակումբում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր 2013 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը:
Տարվա ամփոփիչ ասուլիսում մարզպետը նշել է, որ 2013 թվականը Վայոց ձորի մարզն ամփոփում է առանց ձախողումների ու պարտքերի և կայուն զարգացմամբ:
Մարզին պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է ամբողջական, որի 55 %-ը ծախսվել է կրթության ոլորտում: Մարզպետը նշված ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է համարել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մարզի մի շարք դպրոցներում <<Դպրոցական կայուն սնունդ>> ծրագրի իրականացումը, որը պետական ֆինասավորմամբ կներդրվի 2014 թվականի սեպտեմբեր ամսից: Նա կարևորել է նաև 2013-2014թթ. ուսումնական տարում մարզի դպրոցների առաջին դասարաններ հաճախող աշակերտների թվի ավելացումը շուրջ 100 աշակերտով:
Սոցիալական ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է նաև մարզի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքներում կրթական, մշակութային և մարզական հաստատությունների, միջմարզային ճանապարհահատվածների վերանորոգումը՝ ինչպես պետբյուջեի նմանապես և այլ աղբյուրների ֆինանսավորմամբ, շուրջ 704 մլն դրամի չափով: Մարզպետն առանձնապես շեշտադրել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից սահմանամերձ Խաչիկ համայնքին հատկացված 20 մլն դրամի օժանդակությամբ 13 բնակարանների կառուցման փաստը, որը հնարավորություն է ընձեռել վթարային վիճակում գտնվող բնակիչներին ունենալ նոր ու անվտանգ բնակարաններ:
Սոցիալական ոլորտի ձեռքբերումներից է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Մարզպետը նշել է նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մարզում կատարված քայլերը, շեշտադրելով այդ առումով Ջերմուկ քաղաքի շահեկան մեծ հնարավորությունները, որն է՝ միջազգային ստանդարտներով մշակած քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը: Մարզպետը <<Հայաթ>> հյուրանոցային ցանցի կողմից 2014 թվականին շահագործվելիք առաջին բրենդային հյուրանոցի առկայությունը առողջարանային քաղաքում համարել է լավագույն բիզնես նախագիծ և նշել է , որ միջազգային բրենդային այդ հյուրանոցը ՀՀ այլ մարզերի բնակիչներին և քաղաք ժամանած զբոսաշրջիկներին կմատուցի նաև առողջարանային և բուժական ծառայություններ:
2013 թվականին լուծվել է նաև մարզում արտադրված գյուղմթերքների իրացման հարցերը, առանձնապես ծիրանի, խնձորի և խաղողի բերքի:
Նշենք, որ մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 114.6%-ով:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան եղել է 100%:
Մարզի համայնքներին նվազագույն աշխատավարձի, գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից սուբվենցիա է տրվել 32339.4 հազ. դրամի չափով: