Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է ՌԴ հյուրերի այցը Վայոց ձոր

02.12.2013

 Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Վայոց  ձորի մարզում հյուրընկալված   ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովը և Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ գտնվող հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելով  հայ ժողովրդի արժանավոր զավակ Իսրայել Օրու հիշատակը հավերժացնող հուշարձանին, ի նշանավորումն հայ-ռուսական քաղաքական կապերի դարավոր պատմության: Նահանգապետերն ու մարզպետը ծաղկեպսակներ դրեցին Իսրայել Օրու հուշարձանին:

Այնուհետև հյուրերն այցելեցին Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին  Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահները: Հոգևոր առաջնորդի կողմից օրհնանքի խոսքեր ասվեցին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի ու Նիժեգորոդի մարզերի միջև համագործակցության հասցեին: Սուրբ Աննա եկեղեցու հարակից հայ և ռուս ժողովուրդների բարեկամության այգում  ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովը, Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Մալիշկայի համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը եղևնիներ տնկեցին, որից հետո  հյուրերը ներկա գտնվեցին նաև Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցում կրթօջախը ռուս գիտնական Մ. Լոմոնոսովի անունով անվանակոչելու կապակցությամբ ցուցանակի բացման հանդիսավոր արարողությանը: Նրանք այցելեցին դպրոցի ռուսաց լեզվի և գրականության դասասենյակ, հանդիպեցին ու զրուցեցին աշակերտների և ուսուցիչների հետ: Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին Մ.Լոմոնոսովի կյանքին և գործունեությանը նվիրված գեղարվեստական փոքրիկ բեմականացում:

Հյուրերը Մալիշկայից ուղևորվեցին մարզկենտրոն Եղեգնաձոր, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետ Դավիթ Հարությունյանը: Հայրենական Մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին նահանգապետներն ու մարզպետը ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրեցին, հանդիպեցին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:

 Հյուրերի պատվին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կազմակերպված  համերգին հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան երաժշտական կրթօջախի  սաները: Համերգն ավարտվեց երաժշտական դպրոցի երգչախմբի կողմից Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերի կատարմամբ:

ՌԴ հյուրերի Վայոց ձորի մարզ կատարած այցն ավարտվեց ,,Նորավանք,, եկեղեցական համալիր այցելությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17