Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում է ՌԴ հյուրերի այցը Վայոց ձոր
02.12.2013
Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում հյուրընկալված ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովը և Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ գտնվող հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի արժանավոր զավակ Իսրայել Օրու հիշատակը հավերժացնող հուշարձանին, ի նշանավորումն հայ-ռուսական քաղաքական կապերի դարավոր պատմության: Նահանգապետերն ու մարզպետը ծաղկեպսակներ դրեցին Իսրայել Օրու հուշարձանին:
Այնուհետև հյուրերն այցելեցին Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահները: Հոգևոր առաջնորդի կողմից օրհնանքի խոսքեր ասվեցին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի ու Նիժեգորոդի մարզերի միջև համագործակցության հասցեին: Սուրբ Աննա եկեղեցու հարակից հայ և ռուս ժողովուրդների բարեկամության այգում ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովը, Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Մալիշկայի համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը եղևնիներ տնկեցին, որից հետո հյուրերը ներկա գտնվեցին նաև Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցում կրթօջախը ռուս գիտնական Մ. Լոմոնոսովի անունով անվանակոչելու կապակցությամբ ցուցանակի բացման հանդիսավոր արարողությանը: Նրանք այցելեցին դպրոցի ռուսաց լեզվի և գրականության դասասենյակ, հանդիպեցին ու զրուցեցին աշակերտների և ուսուցիչների հետ: Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին Մ.Լոմոնոսովի կյանքին և գործունեությանը նվիրված գեղարվեստական փոքրիկ բեմականացում:
Հյուրերը Մալիշկայից ուղևորվեցին մարզկենտրոն Եղեգնաձոր, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետ Դավիթ Հարությունյանը: Հայրենական Մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին նահանգապետներն ու մարզպետը ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրեցին, հանդիպեցին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:
Հյուրերի պատվին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կազմակերպված համերգին հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան երաժշտական կրթօջախի սաները: Համերգն ավարտվեց երաժշտական դպրոցի երգչախմբի կողմից Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերի կատարմամբ:
ՌԴ հյուրերի Վայոց ձորի մարզ կատարած այցն ավարտվեց ,,Նորավանք,, եկեղեցական համալիր այցելությամբ: