Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

19.11.2013

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր:

Կարեւորելով նշված հաստատությունների կողմից ֆինանսական տարին առանց պարտքերի ավարտելու հանգամանքը` Դ. Դումանյանը մարզպետներին տեղեկացրեց նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց համագործակցել Առողջապահության նախարարության հետ եւ համատեղ աշխատանքներ իրականացնել` մարզային բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Ա. Գեւորգյանը միաժամանակ նշեց, որ բուժհաստատությունների ղեկավարները անձնական պատասխանատվություն պետք է կրեն հիմնարկներում ֆինանսական կարգապահության համար: Այն հաստատություններում, որտեղ առկա են խնդիրներ, փոխվարչապետն առաջարկեց դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Քննարկվեցին նաեւ մարզերում "Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի" շրջանակում առողջապահական հիմնարկների վերանորոգման եւ վերազինման արդյունքում դուրս գրված սարքավորումների հետագա օգտագործման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սեղմ ժամկետներում մարզպետարանները մարզերում առկա սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն Առողջապահության նախարարությանը եւ համատեղ կքննարկեն դրանց հետագա օգտագործման հնարավորությունները:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի մասնակցությամբ քննարկվեցին հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր: ԿԳ նախարարության կողմից մշակվել եւ մարզպետարաններին է ներկայացվել հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների ցանկը, որով էլ առաջիկայում պետք է առաջնորդվեն կրթական հաստաստությունները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն նաեւ համապատասխան մեթոդական ուղեցույցները: Ա. Գեւորգյանը մարզետներին առաջարկեց հաստիքացուցակների համապատասխանեցման հարցում սերտորեն աշխատել ԿԳ նախարարության հետ:

Քննարկվեցին նաեւ ոռոգման շրջանի ավարտի, ձեւավորված հասույթի դիմաց հավաքագրումներիհետ կապված հարցեր: Նշվեց, որ համակարգն այս տարի աշխատել է բավականին լարված: Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները` սպառելով մեծ ծավալի էլեկտրաէներգիա:

Համակարգի հետագա անխափան աշխատանքի ապահովման տեսակետից փոխվարչապետը կարեւորեց մատակարարված ջրի դիմաց ֆինանսական պարտավորությունների լիարժեք կատարումը` մարզպետներին հորդորելով այդ հարցում աջակցել ՋՕԸ-երին: Ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին նա միաժամանակ հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել էլեկտրաէներգիայի վարձավճարների մարման վերաբերյալ:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց նաեւ ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների ընթացքը` ընդգծելով համայնքների կողմից ֆինանսական պարտավորություններն ամբողջապես կատարելու անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաեւ դեկտեմբերի սկզբին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին եւ համաժողովի շրջանակում անցկացվելիք ցուցահանդեսին վերաբերող կազմակերպչական հարցեր:

Աղբյուրը՝  mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08