Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

13.11.2013

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ջերմուկ քաղաքում փոխվարչապետը ներկա գտնվեց համայնքային նշանակության մի շարք օբյեկտների վերաբացման արարողություններին: Քաղաքում վերանորոգումից հետո դռներն են բացել մանկապարտեզը, երաժշտական դպրոցն ու երիտասարդական կենտրոնը: Մանկապարտեզի ու երաժշտական դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում էին, նորոգվել են "Գեոթիմ" ընկերության միջոցներով` վերջինիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Այսուհետ մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաները հնարավորություն կունենան հաճախել անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված հաստատություններ: Երկու շենքերի հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 100 մլն դրամ, իսկ մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել նախակրթարանների աջակցության պետական ծրագրի շրջանակում:

Փոխվարչապետը եղավ նաեւ Ջերմուկի նորաբաց երիտասարդական կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շենքի նորոգման համար 19,2 մլն դրամ էր հատկացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով, մասնավոր ներդրումների շնորհիվ կենտրոնը կահավորվել է, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա: Հիմա արդեն քաղաքի երիտասարդությունը միջոցառումներ կազմակերպելու պայմաններ ունի, կենտրոնում կգործեն նաեւ անգլերենի եւ համակարգչային դասընթացներ, տարբեր խմբակներ:

Ա. Գեւորգյանը գոհունակությամբ նշեց, որ պետական եւ մասնավոր ներդրումների շնորհիվ հնարավոր է եղել իրականություն դարձնել համայնքի բնակիչների համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերը: Նա հույս հայտնեց, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակվի եւ տեսանելի արդյունքներ կունենա քաղաքի բնակիչների համար:

Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց մարզի Զառիթափ, Խնձորուտ համայնքներ, ծանոթացավ առկա խնդիրներին եւ իրականացվող ծրագրերին: Զառիթափում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են, եւ բնակիչներն արդեն կարող են օգտվել երկնագույն վառելիքից: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է, իրականացվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից, 7 մլն դրամ հատկացվել էր չորրորդ հրատապ ծրագրով` համաֆինանսավորման նպատակով:

Խնձորուտ համայնքում Ա. Գեւորգյանը հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Որպես սահմանամերձ համայնք` Խնձորուտն օգտվում է ՀՀ կառավարության 2013թ. N 271-Ն որոշմամբ նախատեսված արտոնություններից, ըստ որի պետության կողմից փոխհատուցվում է հողի հարկի գումարը եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոսը: Բնակիչները գոհունակություն հայտնելով այդ որոշումից` միաժամանակ ներկայացրեցին առկա խնդիրները` հատկապես նշելով ոռոգման ջրի մատակարարման, գյուղտեխնիկայի բացակայության, 80-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցի շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին: Փոխվարչապետը խոստացավ հարցերը քննարկման առարկա դարձնել կառավարությունում, ինչպես նաեւ պարզաբանումներ ներկայացրեց բնակչությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ: Նա նաեւ տեղեկացրեց, որ 4,5 մլն դրամ է հատկացվել` համայնքի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներնավարտելու նպատակով:

Փոխվարչապետն այցն ավարտեց Եղեգնաձոր համայնքում, որտեղ ներկա գտնվեց վերանորոգված Սպանդարյան փողոցի բացման արարողությանը: Պետական ծրագրերով ընդհանուր առմամբ 242 մլն դրամ է հատկացվել մոտ 1,4 կմ ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման համար: Ճանապարհը երբեւէ ասֆալտապատ չի եղել, ինչը լուրջ դժվարություն էր առաջացնում բնակիչների համար: Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել եւ բարեկարգվել է 3 կմ ճանապարհ, որի համար պետական ծրագրերով հատկացվել է շուրջ 450 մլն դրամ:

Աղբյուրը՝ mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38