Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
25.10.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 24-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին, 2014թ. բյուջետավարման գործընթացին, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցեր:
Զեկուցվեց հողօգտագործողներին աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքը: Նշվեց, որ արդեն բաշխվել է նախատեսված պարարտանյութի հիմնական մասը` շուրջ 93 տոկոսը, դիզվառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է: Ընթացքում են նաեւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման եւ դրա դիմաց գումարների հավաքագրման աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Գյուղատնտեսության նախարարությանը:
Խորհրդակցությանը եւս մեկ անգամ քննարկվեցին 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների, ինչպես նաեւ 2014թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` համայնքային ենթակայության հիմնարկների համար անհրաժեշտ միջոցների նախատեսման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշեց, որ պետք է հաշվարկները կատարվեն այնպես, որպեսզի աշխատավարձերի գծով պարտքերի կուտակման ռիսկ չառաջանա:
Ա. Գեւոգյանն անդրադարձավ նաեւ աշխատավարձերի պարտքեր ունեցող համայնքների խնդրին: Աշխատավարձի պարտքեր են կուտակվել Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց աշխատել պարտք ունեցող համայնքների ղեկավարների հետ`անթույլատրելի համարելով ընթացիկ պարտքերի կուտակումը:
Քննարկվեցին նաեւ կառավարության ս.թ. սեպտեմբերի 19-ի N 1105 որոշման իրականացման հետ կապված հարցեր: Որոշմամբ մարզերին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 500 մլն դրամ` հրատապ խնդիրների լուծման եւ համայնքային նշանակության ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Զեկուցվեց, որ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, կատարողականը կազմում է 94 տոկոս:
Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաեւ Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների համագործակցության ծրագրերի կատարման մասին:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հորդորեց ակտիվորեն աշխատել ԼՂՀ-ի գործընկեր շրջանների հետ եւ իրականացնել նախանշված բոլոր աշխատանքները:
Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր եւս:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Աղբյուրը՝ mta.gov.am