Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը

03.10.2013

 Ջերմուկում այսօր մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որն աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

Բացելով համաժողովը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառումն արդյունավետ հարթակ է ` ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ու փորձի փոխանակման համար: "Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ ոլորտի անմիջական պատասխանատուներից տեղեկանալ իրականացվող բարեփոխումների եւ որդեգրված քաղաքականության մասին",-նշեց նա: Վ. Տերտերյանը կարեւորեց, որ երրորդ համաժողովին, համայնքապետերից բացի, մասնակցում են նաեւ ավագանու անդամներ, քանի որ համաժողովի ընթացքում քննարկվելու են նաեւ ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին: Նա նկատեց, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի: "Մենք սիրով ենք հյուրընկալում համաժողովը, քանի որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում քննարկելու ոչ միայն գյուղական համայնքների, այլեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ինստիտուցիոնալ խնդիրները",-նշեց մարզպետը:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող հետեւյալ տասը թեմատիկ կլոր սեղանները.

1. Տեղական ինքնակառավարման ոլորտ . Վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական եւ արդյունավետություն:

2. Ստուգումներ եւ վարչական հսկողություն. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) եւ վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում, վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթը համայնքներում:

3. Գնումների գործընթաց . ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում:

4. Մրցակցային համայնք. Համայնքների զարգացումը, մրցակցային համայնքի տեսլականը, համայնքների 4-ամյա զարգացման պլանները եւ դրանց իրավական կարգավորումները:

5.Շրջակա միջավայր. Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, բարելավման ծրագրեր, խնդիրներն ու լուծման առաջարկները:

6. Զբոսաշրջություն, տնտեսական զարգացում. Զբոսաշրջությունը որպես գործարար միջավայրի զարգացմանը նպաստող գործոն, համայնքային բրենդի ձեւավորումը, զարգացումը եւ խթանումը, համայնքների մրցակցային առավելությունները, ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:

7. Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը եւ անհրաժեշտ փոփոխությունները, գյուղացիական տնտեսությունների ներկա իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:

8. Տեղական ինքնակառավարման մարմիններ. Համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասությունների շրջանակը, "Ավագանու ինստիտուտ"-ի ձեւավորումը, ընթացիկ խնդիրները եւ լուծման առաջարկները:

9. ՓՄՁ զարգացումը Հայաստանում. Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն ու ներկա օրենսդրությունը, գործարարությունը տեղական մակարդակում, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունը:

10. Հողերի կառավարում . ՀՀ գյուղական համայնքներում հողային օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողության իրականացման ընթացքում առկա խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղիները:

Այս տարի համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ մարզական միջոցառումներ. մարզերի թիմերը կմասնակցեն շախմատի եւ նարդու մրցաշարերին, ինչպես նաեւ "Ինչ, որտեղ, երբ" ինտելեկտուալ խաղ-մրցույթին:

     Աղբյուրը՝   mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00