Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանը
25.09.2013
Վայոց ձորը ծանր կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանը: Ընդամենը մեկ տարի առաջ, հոկտեմբերի 1-ին, մենք մեծագույն սիրով և ոգևորությամբ տոնում էինք Ֆիլիպ Բալոյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը: Կարճ ապրեց նա, սակայն մեծ հետք թողեց մեր մշակութային կյանքի պատմության մեջ: Առանձնապես մեծ ու անգնահատելի է Ֆիլիպ Բալոյանի ավանդը մարզում դասական արվեստի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ձևավորելու և մարզի արվեստասեր հասարակայնության ականջին այն ընկալելի դարձնելու գործում:Նա հարգված տնօրեն էր, ցանկալի ընկեր, սիրված հայր և լավ ամուսին: Անգնահատելի է Ֆիլիպ Բալոյանի մանկավարժական վաստակը: Նա իր տաղանդն անշահախնդրորեն փոխանցում էր իր սաներին` վերածելով նրանց հրաշալի երաժիշտների և երգիչների: Բոլորիս սրտերում հավերժ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, իսկ հիշողություններում՝ նրա հնչեղ ձայնն ու անկեղծ ծիծաղը:
Վայոց ձորի մարզպետը ցավակցում է Ֆիլիպ Բալոյանի ընտանիքին, ընկերներին, բարեկամներին և մարզի արվեստասեր ողջ հանրությանը` բոլորիս համար անչափ մեծ ու ծանր կորստի կապակցությամբ:
Ֆիլիպ Հարությունի Բալոյանը ծնվել է 1952թ. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: 1968թ. ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1976թ. ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1971-73թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-78թթ աշխատել է Դոնեցկի օպերային թատրոնում որպես մեներգիչ:
1978-1982թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը:
1982 թվականից Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրենն է:
2007 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Ֆիլիպ Բալոյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
2012 թվականին, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարի ոսկե հուշամեդալով:
Ֆիլիպ Բալոյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 12:00-ին, Եղեգնաձորի երաժշտական դպրոցից: